Հյուսիս–հարավ ավտոճանապարհի` Սյունիքի մարզով անցնող հատվածի Ագարակ-Քաջարան թունելի շուրջ 32 կմ երկարությամբ հատվածի շինարարությունը կարժենա 247 միլիոն 290 հազար ԱՄՆ դոլար։ Դրանից 135 միլիոն դոլարը կտրամադրի Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամը, 112 միլիոն 290 հազարը` ՀՀ Կառավարությունը։
Կառավարությունը հոկտեմբերի 6-ին հավանություն է տվել հերթական վարկային պայմանագրի ստորագրմանը։
2021-ին հաստատված նախագծով թունելը բաղկացած է երկու հատվածից` Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք եւ Քաջարանի թունելի ելք-Սիսիանի նախատեսվող նոր խաչմերուկ։ Միայն Քաջարանի թունելի երկարությունը լինելու է շուրջ 7 կմ:
Շինարարական աշխատանքների համար կպահանջվի շուրջ 4 տարի, ներառյալ 1 տարի որակի համար նախատեսված երաշխիքային ժամկետը։ Այս հաշվարկով Կառավարությունը որոշել է վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026-ի դեկտեմբերի 30-ը` նախկինում սահմանված 2022-ի դեկտեմբերի 31-ի փոխարեն։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության 4-րդ տրանշի նախագծի ֆինանսավորման համաձայնագիրը ՀՀ Կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրվել է 2015-ի ապրիլի 14-ին:
Շինարարական նախագծեր կազմելու համար Կառավարությունը հայտարարել էր միջազգային մրցույթ։ 2019-ի հունիսի 11-ին նախագծային աշխատանքների կատարման եւ շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրեր են ստորագրվել հաղթող ճանաչված իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ» եւ «Ջի Փի Ինջեներիա» ընկերությունների հետ։
Շինաշխատանքների կատարման կապալառուների ընտրության գործընթացը նախատեսված է 2022-ի երրորդ եռամսյակում: