ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Ադրբեջանից վերադարձված վերջին 17 գերիներից 7-ն առայժմ հիվանդանոցային բուժում են ստանում։ Ըստ նախարարի՝ զինծառայողներն առայժմ ՊՆ հոսպիտալում են եւ դուրս կգրվեն անհրաժեշտ բժշկական հետազոտություններից եւ անհրաժեշտ բուժօգնության ընթացքն անցնելուց հետո:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը նախօրեին հայտնել էր, որ Ադրբեջանից հայրենադարձված 17 զինծառայողներից 10-ը որպես վկա հարցաքննվում են ՀՀ քննչական կոմիտեում, մնացած 7-ը, որոնք միայն բեկորային վնասվածքներ ունեն, ստացիոնար բուժում են ստանում։
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ից հետո ադրբեջանական նոր ագրեսիաների հետեւանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացին, Ավանեսյանը հայտնել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ հետազոտությունների ամբողջ գործընթացը դեռ ավարտված չէ։ Բայց արտասահմանյան հետազոտական կենտրոններ դիմելու կարիք, ըստ նրա, ներկա պահին չկա։ Նախարարը նշել է, որ Հայաստանի մասնագիտական ներուժն ու տեխնիկական հագեցվածությունը լիովին բավարարում են հետազոտություններ անելու համար։
Ավանեսյանը հավելել է, որ առաջիկայում կստացվեն բոլոր հետազոտությունների պատասխանները: Ըստ նախարարի՝ բացի այլ հետազոտություններից, ամբողջական պատկեր ստանալու համար նաեւ ԴՆԹ հետազոտություն է արվում։
Նախարարը հրաժարվել է նույնականացված զոհերի թվի վերաբերյալ տվյալներ հրապարակելուց։