ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում խաղաղություն եւ կայունություն պահպանելու գործում։ Նա հիշեցրել է, որ 20 տարի առաջ՝ 2002-ի հոկտեմբերի 7-ին որոշվել է միջազգային տարածաշրջանային կազմակերպության կարգավիճակ տրամադրել ՀԱՊԿ-ին։
«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը պատվավոր ճանապարհ անցավ։ Համատեղ ջանքերով ստեղծվեց անվտանգության խնդիրներով զբաղվող արդյունավետ կառույց։ ՀԱՊԿ-ը նաեւ առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- ասաց Զախարովան։
Նա ընդգծել է, որ այս տարվա հունվարին Ղազախստանում խաղաղապահ գործողությանը մասնակցելը ռազմաքաղաքական կառույցի հասունության վառ հաստատումն էր։
Ներկայում հետեւողականորեն ձեւավորվում են ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին ՀԱՊԿ հավաքական ուժերի մասնակցության պայմանները։ Ըստ Զախարովայի` ՀԱՊԿ գործընկերների հետ համագործակցության հետագա զարգացումը Ռուսաստանը համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Նախօրեին անդրադառնալով ՀԱՊԿ-ին առնչվող թեմային՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը մտադիր է կազմակերպության պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել կոնկրետ քայլերի նախագիծ, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը պետք է գործնականում ցույց տա կազմակերպության ներկայությունն ու դերն այս տարածաշրջանում: