Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Խաղաղ պայմանագրի կնքման համար ՌԴ-ի համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին եւ Ադրբեջանին: Նա նշել է, որ ՌԴ-ն համալիր աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:
«Նրանք, ովքեր փորձում են կասկածել մեր դերին եւ խոսել մեր անգործության մասին, ինձ թվում է`ցանկալին իրականության տեղ են անցկացնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը եւ շեշտել, որ Ռուսաստանը զբաղվում է գործնական աշխատանքով։
«Հաշվի առնելով խաղաղ պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը՝ նպատակահարմար չենք համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները։ Ինչ վերաբերում է Բաքվի եւ Երեւանի դիրքորոշմանը, ապա, առավել եւս, դրանք նրանց ուղղված հարցեր են։ Բայց մեր նպատակը արդյունքն է»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Երեւանն ու Բաքուն նոյեմբերին խաղաղության պայմանագիր են կնքելու։
Պայմանագրի շուրջ արեւմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն
«Ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին» հարցին ի պատասխան Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վտանգավոր ձախողման։
Ըստ նրա՝ Մոսկվան միշտ պատրաստ է աջակցելու շոշափելի արդյունքների հանգեցնող ջանքերին։ Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը լիովին հասկանում է, որ աշխարհաքաղաքականությունը խաղի, մանեւրելու որոշակի տարր է պարունակում։
«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի շուրջ արեւմտյան մոտեցումներին, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն։ Իսկ որոշ արեւմտյան միջնորդների ընդհանրապես անհնար է անվանել խաղաղության միջնորդներ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Մոսկվան կոչ է անում վերջնականապես թեման փակելու եւ «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով գերիներին վերադարձնելու
Մարիա Զախարովան ադրբեջանցի զինծառայողների ձեռքով հայ զինվորների գնդակահարության մասին հարցին ի պատասխան հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին նյութերի բազմակողմանի հետաքննության հարցում։
«Բոլոր նման դեպքերը պահանջում են անհապաղ, մանրակրկիտ եւ բազմակողմանի վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմը հնարավորություն ունի այդ նյութերին ծանոթանալու ոչ միայն լրատվամիջոցներից, այլեւ կողմերի փոխանցած տվյալներից:
Զախարովան հավելել է, որ Մոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է անում վերջնականապես թեման փակելուեւ «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնելու պահվող անձանց:
Եթե դա լիներ պաշտոնական հայտարարություն, Մոսկվան կմեկնաբաներ. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի մեկնաբանել հայաստանյան իշխանական մամուլում Երեւանի վերաբերյալ Մոսկվայի ծրագրերի մասին աղմկահարույց հրապարակման էությունը:
Զախարովայից հետաքրքրվել են՝ որքանով են հոդվածում շարադրված փաստերը արտացոլում իրականությունը։ Դիվանագետը հայտարարել է, որ այդ հարցը պետք է ուղղել Հայաստանի պաշտոնատար անձանց։ Ըստ նրա՝ եթե դա լիներ պաշտոնական հայտարարություն, Մոսկվան կմեկնաբաներ։ Բայց աղբյուրներին հղում արված դեպքերը մեկնաբանելն իր իրավասությունը չէ։