Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) վիճակագրությունից հայտնել են, որ 2022-ի փետրվարի 24-ից հետո Ռուսաստանի 45 հազար 349 քաղաքացիներ հաշիվներ են բացել վրացական բանկերում:
Վրացական բանկերում ռուսաստանցի հաճախորդների ամենամեծ հերթերը գոյացել են ապրիլին։ Այդ ամսին հաշիվներ բացեցին ավելի քան 10 հազար ռուսաստանցիներ, իսկ հուլիսին՝ եւս 7 հազարը։
Ըստ ամիսների՝ բանկային հաշիվների բացման վիճակագրությունը հետեւյալն է. փետրվարի 24-ից մարտի 24-ը հաշիվ է բացել 7875, մարտի 24-ից ապրիլ՝ 10 հազար 78, մայիսին՝ 6647, հունիսին՝ 7374, հուլիսին՝ 6985, օգոստոսին՝ 6390 մարդ:
IDFI-ի տվյալներով՝ 2022-ի օգոստոսի դրությամբ Ռուսաստանի քաղաքացիների ավանդները Վրաստանի առեւտրային բանկերում 1,88 միլիարդ լարի են։
Ընդհանուր առմամբ վրացական բանկերում ավանդ ունի 60 հազար ռուսաստանցի։