ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների առնչությամբ հայտնել է, որ ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել:
«Այս պահին փոխհրաձգություն չկա, հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի»,– նշել է ՊՆ խոսնակը։
Ավելի վաղ Գեղարքունիքի Կուտական համայնքի ղեկավար Մակիչ Թովմասյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 7-ի առավոտից Ադրբեջանի ԶՈՒ–ն սկսել է կրակել Գեղարքունիքի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ։
«Այսօր առավոտյան ժամը 9-10-ը դիրքից դիրք կրակոցներ են հնչել, հիմնականում մանր տրամաչափի զինատեսակներով էին կրակում։ Դրանից հետո իրավիճակը հանդարտվել էր, սակայն քիչ առաջ նորից սկսեցին կրակել»,– ասել է Թովմասյանը։
Նա հավելել է, որ համայնքում խուճապ չկա, բայց մարդիկ բնականաբար անհանգստացած են։