Լոռու մարզի գյուղատնտեսներն այսուհետ բույսերի հիվանդությունների, մոլախոտերի եւ վնասատուների դեմ կկարողանան պայքարել ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ Գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն դեղանյութեր ցողել, այլեւ պարարտացնել հողը։ Արդյունքում կբարձրանա մշակաբույսերի արտադրողականությունը։
Գյուղատնտեսական դրոններն ու լրացուցիչ այլ սարքավորումներ ձեռք են բերվել Լոռու մարզպետարանի եւ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի համագործակցության շնորհիվ՝ Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ։
Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով օգոստոսին մարզպետ Արամ Խաչատրյանը եւ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսը կնքել էին փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Լոռու մարզին տրամադրվելու էր գյուղատնտեսության զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության եւ կարողությունների զարգացման հնարավորություն:
Աջակցությունը մարզի գյուղոլորտին չի ուշացել։ Սեպտեմբերի 30-ին Լոռու մարզպետարանում Ավստրիական զարգացման գործակալությունը համաձայնագիր է կնքել «Աջակցություն Լոռու մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամի հետ, ապա հիմնադրամին հանձնել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը եւ օժանդակ սարքավորումները՝ մարզում գյուղատնտեսության ոլորտում նորարարական եւ ճշգրիտ տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու, ագրոդրոնների եւ լրացուցիչ սարքավորումների շահագործման վերաբերյալ համապատասխան անձնակազմին ուսուցանելու նպատակով:
Համաձայնագրի կնքման եւ սարքավորումների տրամադրման կապակցությամբ հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ոլորտի մասնագետներ:
Առաջիկայում մասնագետները կմասնակցեն տեսական եւ գործնական մեկշաբաթյա դասընթացների գյուղատնտեսության մեջ դրոնների կիրառման թեմայով՝ ձեռք բերելով նաեւ ԱԹՍ-ները շահագործելու անհրաժեշտ գիտելիքներ: