Թուրքիայի նախագահ Էրդողանը Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում խոսել է նաեւ թուրք-հունական լարված հարաբերությունների մասին՝ մեղադրելով ԵՄ երկրներին Հունաստանին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Sabah պարբերականը։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում հակամարտություններն ավարտին հասցնելու համար՝ հավատով, որ ամենավատ խաղաղությունն անգամ պատերազմից ավելի լավ է։ Այս իրավիճակում նկատում ենք, որ որոշ անդամ երկրներ Թուրքիայի հետ համագործակցային ու հարեւանական հարաբերությունների փոխարեն նախընտրում են սրել լարվածությունն ու սադրել,- նշել է Էրդողանը՝ ակնարկելով Հունաստանին։ — Այստեղ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Թուրքիան ոչ մի երկրի ինքնիշխանության, տարածքի, օրենքի ու իրավունքի վրա աչք չի դրել։ Մենք միայն պայքարում ենք մեր երկրի ու Կիպրոսի թուրքերի շահերը պաշտպանելու համար։ Ոչ ոքի, մեր ոչ մի հարեւանի հետ չենք ուզում լարվածություն ունենալ»։
Ընդգծելով, որ Թուրքիան ցանկանում է Արեւելյան միջերկրածովյան եւ Էգեյան ծովի տարածքում առկա խնդիրները լուծել միջազգային իրավունքի շրջանակում, Էրդողանը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին «միության համերաշխության» անվան տակ չաջակցելու անօրինական նախաձեռնություններին։
«Կիպրոսի խնդրի լուծման միակ գրավականը Կիպրոսի թուրքերի իրավահավասարության ու հավասարազոր միջազգային կարգավիճակի հաստատումն է։ Իսկ խնդրի երկարատեւ լուծման համար անհրաժեշտ է ընդունել կղզում առկա իրողությունները»,- հավելել է նա։
Թուրքիայի նախագահը եւս մեկ անգամ նշել է, որ Թուրքիան պատրաստ է զարգացնելու հարաբերությունները Եվրոպայի երկրների հետ ու համագործակցելու հանուն Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացում առաջընթաց գրանցելու։