ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ-Էմանուել Մակրոն-Շառլ Միշել քառակողմ հանդիպման արդյունքներով կազմված հայտարարությանը, նշել է, որ Ադրբեջանն այլեւս չի կարող որեւէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Մարուքյանն այս ենթադրությունն է արել, քանի որ Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը նշում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից։
«Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետեւաբար Ադրբեջանի ապագա ագրեսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին` նաեւ կարձանագրվի Հայաստանի ինքնիշխան տարածքի արդեն իսկ բռնազավթված հատվածը»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Մարուքյանը:
Նա հիշեցրել է նաեւ, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը 2022-ի հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։