ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինն Գրիգորյանը հայտնել է, որ ՄԻՊ աշխատակիցները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ վերադարձած 16 գերիների հետ։
«Մեկ տղա կա, որն այս պահին հոսպիտալում է, նրա հետ այսօր առանձնազրույց կունենանք։ Մենք առանձին զեկույց կունենանք, որի միջոցով կարձանագրենք այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները։ Այդ հարցազրույցներով մենք վեր ենք հանել փաստեր խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների վերաբերյալ»,– ասաց Գրիգորյանը` հավելելով, որ խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր գերիները։
Զեկույցը կներկայացվի միջազգային կառույցներին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաեւ, որ Ադրբեջանում անգամ բժիշկներն են վատ վերաբերմունքի արժանացրել հայ զինծառայողներին։
Ըստ Գրիգորյանի` 2020-ի 44-օրյա պատերազմից հետո հայրենիք վերադարձած գերիների հետ նույնպես առանձնազրույց էին ունեցել եւ առանձին զեկույց են հրապարակել։ Գրիգորյանը նշել է, որ ադրբեջանական կողմի ձեռագիրը չի փոխվել։
Պաշտպանը հավելել է, որ զեկույցը կներկայացնեն միջազգային կառույցներին։
Ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորության մասին տեսանյութն արժանահավատ չէ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաեւ, որ ինքը դիմել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին եւ խնդրել իրեն տրամադրել այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են վկայել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների մասին։
Հայ անզեն գերիների գնդակահարության տեսագրությունը դատապարտող գրառումից հետո Կլաարը մեկ այլ գրառման մեջ նշել է, թե մի քանի տեսանյութ է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։
Կլաարը խոստացած տեսանյութը դեռ չի ուղարկել
«Իմ հանձնառությունն եմ հայտնել` հետեւելու այդ հաղորդագրություններին ու դրանց մասին հայտնելու ՀՀ իրավապահներին ։ Կլաարը պատասխանել է, որ կուղարկի այդ տեսանյութն ինձ, սակայն մինչ այս պահը դեռ չի ուղարկել»,– նշել է ՄԻՊ-ը։
ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է նաեւ, որ 2020-ի պատերազմի ժամանակ հայ զինվորների ենթադրաբար հանցագործությունների առնչությամբ ՀՀ–ում քրգործ է հարուցվել, որը դեռ ընթանում է։ Պաշտպանը նշել է, որ այս տեսակետից շատ կարեւոր է իր համար Կլաարից ստանալ այդ տեսանյութը եւ ուսումնասիրել։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը միաժամանակ մեկնաբանել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գերեզմանների հայտնաբերման լուրին, որտեղ իբրեւ թե ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորություն է կատարվել։ ՄԻՊ-ը նշել է, որ կարեւոր է համարում բոլոր հնարավոր հանցագործությունների օբյեկտիվ քննությունը, սակայն սոցցանցերում շրջանառվող տեսանյութը խնդրահարույց է: Պաշտպանի համոզմամբ՝ այդ հարցով պետք է զբաղվի փորձագետների անկախ միջազգային խումբը։ Գրիգորյանը նշել է, որ տեսագրությունն իր համար արժանահավատ չէ։