Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում մամուլի ասուլիսի ընթացքում հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչ է արել Թուրքիայի ու Հայաստանի ղեկավարներին անմիջապես բացելու երկրների միջեւ փակ սահմանն ու հաստատելու դիվանագիտական, տնտեսական ու մշակութային հարաբերություններ։ Մամուլի ասուլիսը տեղի է ունեցել մինչեւ Պրահայում Էրդողան-Փաշինյան հանդիպումը, հաղորդում է ankahaber.net-ը։
«Հույս ունեմ, որ այս պատմական հանդիպումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը: Այս հարցում իմ երկիրը, հարգարժան Էրդողանը, մեջլիսն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն»:
«Հարյուր տարի առաջ Անատոլիայի բոլոր քաղաքներում հայեր էին ապրում։ Այսօր մի բուռ հայեր ենք մնացել այստեղ։ Դեռ կանք ու որպես Թուրքիայի հայեր պահանջում ենք խաղաղություն»։
«Սահմանն արդեն 30 տարի փակ է։ Միմյանց հետ փակ սահմաններ ունեցող երկու երկիր չեն կարող լուծել իրենց խնդիրները։ Բայց երբ սահմանը բացենք, սկսենք հաղորդակցվել, երկխոսել, կտեսնենք, որ անլուծելի խնդիր չկա»,- նշել է Փայլանը։
Փայլանը նաեւ անդրադարձել է հակամարտության լուծման հարցում Ռուսաստանի դերին՝ նշելով, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանը պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի դեր ստանձնելուն․ «Ցավոք, ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այս առումով իսկապես խաղաղություն է ուզում։ Որովհետեւ տարածաշրջանային խնդիրները Ռուսաստանի համար առիթ են, որպեսզի իր գերիշխանությունը Կովկասում ավելի խորացնի։ Ես ի՞նչ ասացի։ Ասացի, որ այս պատերազմում թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պարտություն են կրելու։ Ի՞նչ եղավ, ցավոք, ես ճիշտ դուրս եկա։ Միեւնույն ժամանակ, Թուրքիան նույնպես պարտվեց, որովհետեւ Ռուսաստանը՝ որպես զինադադարն ապահովող պետություն, տարածաշրջանում ավելի մեծ գերիշխանություն հաստատեց։ Գնաց, Ադրբեջանում ռազմաբազաներ ստեղծեց, իր բանակը տեղակայեց»։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը