International Journal of Molecular Sciences-ի համաձայն՝ ռուս գիտնականները նկատել են, որ մարդու օրգանիզմում սինթեզվող ուրիդին նյութը էկանորեն նվազեցնում է շաքարային դիաբետ ունեցող մկների սրտի պաթոլոգիաները եւ որոշակիորեն թեթեւացնում մկանային դիստրոֆիան։
Մարիինյան համալսարանի (Յոշկար Օլա քաղաքում) եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տեսական եւ փորձարարական կենսաֆիզիկայի ինստիտուտի գիտնականներից բաղկացած համատեղ խումբը երեք շաբաթ շարունակ ամենօրյա ռեժիմով ուրիդին է ներարկել շաքարային դիաբետ ունեցող մկներին։
Արդյունքում այդ մկների սրտամկանի բջիջների միտոքոնդրիումները սկսել են ավելի շատ ծալքեր ձեւավորել, ինչը նպաստում է մկաններին էներգիայով ապահովման բարելավմանը։ Բացի այդ՝ փոփոխվել է սարկոմերների՝ սպիտակուցային կառուցվածքների ձեւը, որոնք պատասխանատու են մկանի կրճատման համար։
Միաժամանակ նաեւ այդ մկների արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն է նվազել։ Նույն գիտական խումբը ուրիդինը կիրառել է նաեւ Դյուշենի դիստրոֆիայի բուժման նոր փորձարարական մեթոդի մեջ։ Նշենք, որ այս ժառանգական հիվանդության դեպքում գենետիկ մուտացիայի հետեւանքով խախտվում է միտոքոնդրիումի աշխատանքը, որն աստիճանաբար բերում է մկանի ատրոֆիայի։
Ուրիդինն այս դեպքում առանձնապես ուժեղ չի ազդել, եւ դրա կիրառությունը բնականաբար չի կարող հանգեցնել Դյուշենի դիստրոֆիա ունեցող պացիենտի վիճակի բարելավման, սակայն փորձի ընթացքում, ինչպես հավաստիացնում է գիտական խմբի անդամներից Միխայիլ Դուբինինը, նկատվել է, որ ուրիդինը նվազեցրել է մկանների ֆիբրոզը։ Սա թույլ է տալիս, ըստ Դուբինինի, ուրիդինը ներառել Դյուշենի դիստրոֆիա ունեցողների բուժման հավելյալ թերապիայի մեջ, որը դանդաղեցնում է հիվանդության զարգացումը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը