Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ընթացիկ տարվա ութ ամիսներին Վրաստանը զբոսաշրջային ոլորտից ստացել է 1,2 միլիարդ դոլարի եկամուտ։ Սա նշանակում է, որ 94,6%-ով վերականգնել է 2019-ի՝ նախահամավարակային շրջանի զբոսաշրջային ոլորտից իր ստացվող եկամուտների չափը։
Ըստ զեկույցի՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին Վրաստան է այցելել 3 միլիոն 892 հազար 605 զբոսաշրջիկ, ինչը նշանակում է, որ 2019-ի ծավալների համեմատ՝ միջազգային զբոսաշրջային հոսքը վերականգնվել է 83,8%-ով, իսկ միջազգային ճամփորդողների այցերը՝ 65,3%-ով։
Ուշագրավ է նաեւ այն, թե որ երկրների զբոսաշրջիկները միջինը որքան գումար են ծախսում Վրաստանում։ Այսպես՝ Սաուդյան Արաբիայից ժամանած զբոսաշրջիկները Վրաստանում ամենաշատ գումարն են ծախսում՝ 1729 դոլար մեկ զբոսաշրջիկի հաշվով։
Երկրորդ տեղում Ղազախստանն է, որտեղից ժամանած զբոսաշրջիկները միջինը մեկ անձի հաշվով Վրաստանում ծախսում են 1511 դոլար։ Շատ ծախսող զբոսաշրջիկների եռյակը եզրափակում է Իսրայելը։ Իսրայելից Վրաստան այցելած զբոսաշրջիկները միջինը մեկ անձի հաշվով ծախսում են 1379 դոլար։
Համեմատաբար ավելի զգույշ են ծախսում ԱՄԷ-ից ժամանած զբոսաշրջիկը՝ միջին հաշվարկներով 1285 դոլար, Բելառուսից եկածը՝ 1110 դոլար, Գերմանիայից ժամանածը՝ 1081 դոլար։ Ուկրաինայից ժամանած զբոսաշրջիկը Վրաստանում ծախսում է 726 դոլար, Ռուսաստանից եկածը՝ 712 դոլար, թուրք զբոսաշրջիկը՝ 658 դոլար, ադրբեջանցին՝ 450 դոլար, Հայաստանից ժամանածը՝ 334 դոլար։
2019-ի համեմատ՝ դեպի Վրաստան մեկ զբոսաշրջային ուղեւորությունը թանկացել է 31%-ով եւ կազմում է մոտ 2562 լարի։ Գիշերակացով զբոսաշրջային այցելություններն ավելացել են եւ կազմում են միջինը 6,3 գիշեր։ Տուրիստների մեծ մասը նախընտրում է Թբիլիսին եւ Աջարիան։
Ռուսաստանից այս տարվա ինը ամիսներին Վրաստան է այցելել 780 հազար 339 մարդ, Թուրքիայից՝ 543 հազար 464 մարդ, Հայաստանից, որը Վրաստան այցելությունների թվով երրորդ տեղում է, 521 հազար 750 մարդ։
Ներգնա տուրիզմից ստացվող եկամուտները կազմել են 1,3 միլիարդ լարի։ Ավիաթռիչքները 2019-ի համեմատ վերականգնվել են 95%-ով, ուղեւորահոսքը՝ 79%-ով։ Ներկայում Վրաստանում գործում է 43 ավիաընկերություն, որոնք թռիչքներ են իրականացնում 86 ուղղությամբ։ Եթե ներկա դինամիկան պահպանվի, ապա 2025-ին Վրաստանը զբոսաշրջային ոլորտից 5,2 միլիարդ դոլարի եկամուտ կստանա։
Պատրաստեց Արման Գրիգորյանը