Հարցին, թե որն է հիմնական անելիքը, Հրանտ Մաթեւոսյանը կարծեմ 1991-ի դարձյալ ճակատագրական տարում մի ստույգ պատասխան է տվել՝ կարողանալ քեզ ենթարկեցնել շարքում կանգնելու առաջնահերթությանը։
Դա, անկասկած, անանձնական հայրենասերի աղերս էր, բայց Հրանտ Մաթեւոսյանն այնքան իդեալիստ չէր, որ հավատար եւ, մանավանդ, հույս ներշնչեր, թե դա ինքնին լինելու բան է։ Որպես թե՝ բոլոր հայերս հավաքվեցինք, թումանյանավարի ասած՝ «օրդու կապեցինք» եւ գնացինք փրկելու Հայաստանը, ուստի շա՜տ նրբանկատորեն, որպեսզի, կարծում եմ, ոմանց ինքնասիրությունը չշոշափի, դնում էր նաեւ խնդիր, թե ով է այն Քաջը, որ մեզ բոլորիս մի հրամանի եւ միեւնույն գործի կկոչի։
1992–ի օգոստոսի վերջին Խաչենի հովտի մեր գյուղերը տարհանվում էին։ Ունեինք «ՊԱԶ» ավտոբուս, ռազմավար «ԶԻԼ» եւ հիսունից ավելի կին-մայր-երեխա, որ պիտի Լաչինի վտանգաշատ միջանցքով հասնեին Հայաստան։ Ի՞նչ անել՝ որոշեց ԻՊ ուժերի Խաչենի գումարտակի հրամանատարը. ստորագրեց հրաման, որ կազմավորվում է շարասյուն՝ բաղկացած այս եւ այս մեքենայից, իսկ «հրամանատար է նշանակվում» տողերիս հեղինակը։ Ստեփանակերտում կազմավորվել էր ՊՊԿ։ Դիմեցի եւ թույլտվության ստացա։ Միայն ասացին, որ տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը պետք է ի պահ հանձնել ՆԳՆ-ին։
Երկու մեքենայից կազմված շարասյունը հենց առաջին անցակետում կանգնեցրին։ Ռազմական ոստիկանության ծառայողները նայեցին, տնտղեցին փաստաթղթերը եւ գլուխները բացասաբար շարժեցին։ Ինչո՞ւ, ոչ մի բացատրություն։ Կես ժամ տեւած «բանակցություններից» հետո անցակետի ավագը կողմ քաշեց եւ անկեղծորեն խոստովանեց, որ «մինչեւ Սյամոյի ստորագրությունը չլինի», մի քայլ առաջ չենք գնա։
«Սյամոյի ստորագրությունը» ստանալու համար հարկ եղավ գործի դնել արդեն ոչ պաշտոնական, զուտ անձնական կապեր։ Ի վերջո անցաթղթի վրա դրվեց նրա՝ կարմիր թանաքով ֆաքսիմիլե ստորագրությունը, որ մինչեւ Երեւանի կենտրոն մոգական թույլտվության ուժ ունեցավ։ Եթե անկեղծ, ապա ինձ համար արտառոց էր, թե ինչու ՊՊԿ լիազոր ներկայացուցիչ ՆԳ նախարարի ստորագրությունը հարկ է վերաօրհնության տալ Սամվել Բաբայանին, ով այդ իրավիճակում, եթե չեմ սխալվում, ԻՊ ուժերի կոմիետի նախագահի տեղակալն էր կամ նոր-նոր նշանակվել էր ՊԲ հրամանատար։
Ես օրենքի, օրինական կարգի, պետական իշխանության հիերարխիայի կողմնակից եմ։ Բայց եթե 1992 թվականի օգոստոս-նոյեմբերին տուրք տայինք միայն Հրանտ Մաթեւոսյանի գրողական ըղձախոսությանը, ապա շարքերում շատ քիչ մարդ կկանգներ։ Գերխնդիրը, թույլ եմ տալիս ասել, շարք կանգնեցնելու իրավատիրոջ հայտնությունն է։ 1992-ի ամառ-աշուն ամիսներին եւ դեռ հետագա երկու տարիներին Ստեփանակերտում այդ անհատականությունը Սամվել Բաբայանն էր, որոշման կնիքը՝ «Սյամոյի ստորագրությունը»։
Ռետրո-հայացքով, ինչ խոսք, կարելի է քաղաքական նրբերանգներ, ենթատեքստեր եւ կոնսպիրոլոգիա տեսնել կամ նկատել տալ, դրանից անցյալի իրականությունը չի փոխվում։ Մանավանդ որ նույնն է երեսնամյա տեւողության մարտահրավերը՝ ո՞վ է մեզ բերելու «շարք կանգնելու» հրամանի։ Պայմանականությունը, անձնական նախասիրությունը, համակրանք-հակակրանքն այսօր երկրորդական-չորրորդական են։ Իհարկե, գործնականորեն ստույգ չէ անցյալի հաջողությունների փաստարկումը, բայց որպես քաղաքակրթական եւ էթնիկ ընդհանրություն՝ մենք պետք է հայտարարի գանք, որ անանց է նույն շարքում կանգնելու պարտավորությունը, եւ կա շարք կանգնեցնելու իրավատիրության գերխնդիր։
«Վճռական մենակի» առասպելը ես չեմ ընդունում, բայց եթե անցյալը վերադարձել է, ուրեմն համատեղելի՞ է քաղաքակրթական եւ շարք կանգնեցնելու իրավատիրոջ կերպարը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։