Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանում Եվրամիության երկրների ներկայացրած հակառուսական բանաձեւի նախագծի քվեարկության ժամանակ Հայաստանի պատվիրակությունը ձեռնպահ է մնացել: Ընդհանուր ձեռնպահ է մնացել 24 պատվիրակություն, նրանց թվում՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կատարը, Մեքսիկան, Պակիստանը, Սենեգալը, Սուդանը, Ուզբեկստանը եւ այլն:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի պաշտոնական կայքի տվյալով՝ դեմ է քվեարկել 6 երկիր՝ Բոլիվիան, Վենեսուելան, Ղազախստանը, Չինաստանը, Կուբան եւ Էրիթրեան։ Հակառուսական նախաձեռնությունը պաշտպանել է 17 պետություն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Եվրամիության երկրները, Կորեան, Ճապոնիան, Արգենտինան եւ Ուկրաինան։
Արդյունքում նախագիծն ընդունվել է 17 ձայնով, այսինքն՝ ակնհայտ փոքրամասնությամբ, քանի որ քվեարկությանը մասնակցել է 47 երկիր։ Այսպիսով` Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող կնշանակվի մեկ տարի ժամկետով։
Ռուսաստանը քվեարկությանը չի մասնակցել, քանի որ մարդու իրավունքների խորհրդի անդամ չէ։
Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ի ժնեւյան շտաբում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ այս նախագիծը կառուցված է ԱՄՆ-ի եւ նրա կամակատարների հայտնի զրպարտությունների վրա: Ըստ նրա՝ բանաձեւի իրական նպատակը Ռուսաստանի վրա եւս մեկ ճնշող լծակ ստեղծելն է:
Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանը Ժնեւում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին եւ ավարտվում է հոտեմբերի 7-ին։