Աղավնոյից, Բերձորից, Սուսից օգոստոսին տեղահանված արցախցիները կօգտվեն բնակարանային ապահովման պետական ծրագրից: Հայաստանի Կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար հիփոթեքի ծրագիրը:
4000 ընտանիք կարող է օգտվել՝ վճարելով միայն կանխավճարի 1-10%-ը՝ կախված նրանից, թե որտեղ է ուզում տուն գնել՝ Արցախում, Հայաստանի մարզերում, թե Երեւանում:
Ըստ «Առաջինի լրատվական ալիք»-ի՝ Կառավարության նոր որոշմամբ Հայաստանի սահմանամերձ համայնքներում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական տուն կառուցելու դեպքում արցախցիների համար սահմանվել են առավել բարենպաստ պայմաններ:
Հիփոթեքային վարկի դեպքում՝ 16 միլիոն դրամ եւ 13% տոկոսադրույք
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշել է, որ սահմանամերձ գյուղական բնակավայրերի համար բնակելի տան ձեռքբերման դեպքում 14 միլիոն մայր գումարը վարկի եւ 13% տոկոսագումարի գծով կվճարի պետությունը, իսկ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար հիփոթեքային վարկի դեպքում՝ 16 միլիոն դրամ եւ 13% տոկոսադրույք:
Սահմանամերձ համայնքում տուն ձեռք բերելու համար արցախցին կվճարի ընդամենը 1% կանխավճար: Փոխնախարար Խաչատրյանը հիշեցրեց՝ Երեւանում հիփոթեքով բնակարան գնելու կանխավճարը առնվազն 10% է, մարզերում՝ 5%, Արցախում՝ կրկին 1%: Արցախում, մարզերում, Երեւանում անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման պայմանները չեն փոխվել:
Հայաստանի 900 գյուղական բնակավայրից 80-ը սահմանամերձ է
Երեւանի դեպքում մայր գումար՝ 8 միլիոն, 8%, մարզերի դեպքում՝ 10 միլիոն, 10%, Արցախի դեպքում՝ 12 միլիոն, 12%:
Հայաստանի 900 գյուղական բնակավայրից 80-ը սահմանամերձ է: Ծրագրի առաջնահերթ նպատակը, ըստ փոխնախարարի, տեղահանված արցախցիների բնակարանի հարցի լուծումն է: Սահմանամերձ գյուղերում հնարավոր է առավել մատչելի պայմաններով տուն ձեռք բերել: Խաչատրյանի գնահատմամբ՝ ծրագիրն այդ առումով լավ հնարավորություն է: Ձեռք բերվող բնակարանի սեփականության իրավունքի գրանցման, կադաստրային ծախսերը եւս կհոգա պետությունը:
ՀՀ-ում բնակվող 20 հազար արցախցիներից 15 հազարը՝ ծրագրի մասնակից
Փոխնախարարը նշել է, որ շահառուների Ճշգրտված, փոփոխված ցանկը տրամադրել է Արցախի կառավարությունը: Հնգօրյա ժամկետում վերջնական ցանկը Արցախից կստանանք, որից հետո կսկսվեն հավաստագրերի թողարկումը, տրամադրումը:
Հավաստագրերը ստանալուց հետո մեկ տարի դրանք կլինեն ուժի մեջ: Ֆինանսավարկային կազմակերպությունների ընտրությունը, ըստ Խաչատրյանի, լայն է, շահառուները կարող են շուտով սկսել հիփոթեքի վարկավորման, բնակարանի ձեռքբերման գործընթացը:
44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվում է 20 հազար արցախցի: Նրանցից մոտ 15 հազարը բնակապահովման այս ծրագրի մասնակից կարող են դառնալ: Եթե բնակարանի արժեքը գերազանցի պետական աջակցության սահմանաչափը, տարբերությունը կվճարի շահառուն:
Ծրագրի տարեկան բյուջեն մոտ 7 միլիարդ դրամ է: