Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերն առաջարկել է Մերձկասպյան գոտում ազատ տնտեսական գոտի ստեղծել։
Մոսկվայում Կասպիական երկրորդ համաժողովում Կասպից ծովի մերձափնյա գոտում Կասպիական տարածաշրջանի պետությունների համար ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին առաջարկից բացի, Մոհամմադ Մոհբերը տարածաշրջանային հարեւանների միջեւ գործակցությունն ընդլայնող այլ առաջարկներ էլ է արել։
Մոհբերը նշել է, որ իր առաջարկները բխում են Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարության վարած արտաքին քաղաքականությունից եւ նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ հարեւանների եւ հատկապես Մերձկասպյան շրջանի երկրների հետ համակողմանի գործակցության զարգացման ընդհանուր տրամադրվածությունից։
«Հաշվի առնելով իր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական դիրքը, որը կապում է Կասպից ծովի շրջանը Պարսից ծոցի եւ Օմանի ծոցի, ինչպես նաեւ Հնդկական օվկիանոսի ավազանների հետ՝ Իրանը լի է վճռականությամբ՝ նոր լիցք հաղորդելու Կասպիականի ավազանի երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային գործակցությանը»,- նշել է Իրանի առաջին փոխնախագահը։ Նա նշել է, որ Կասպիական ավազանը հարմարավետ հարթակ է տարբեր ոլորտներում մերձափնյա երկրների համագործակցության համար։
Ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի համագործակցությունը կարող է ընդգրկել բանկային եւ ֆինանսական ոլորտները, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային տարանցիկ միջանցքը, մաքսային տուրքերի համապատասխանեցումը, տարանցման դյուրացումը, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտու ստեղծումը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը