Այս շաբաթը լի էր դրական դինամիկա ենթադրող առանցքային իրադարձություններով։ Պրահայում քառակողմ հանդիպման շրջանակում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի «քավորությամբ»։
Առանձնազրույց ունեցան նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Եթե ի մի բերենք հանդիպումներին հետեւած հայտարարությունները, ապա դրանք մի քանի մասի կարելի է բաժանել.
- Անհրաժեշտ է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում՝ 1991 թ. ԱՊՀ մուտք գործելու սահմաններով:
- ԵՄ-ն՝ ի դեմս Մակրոնի ու Միշելի, ստանձնում է մոդերատորի դերը:
Էսկալացիաներից խուսափելու համար «առավելագույնը երկու ամսով» ԵՄ-ն քաղաքացիական մշտադիտարկման խումբ կուղարկի Հայաստան (Ադրբեջանը հրաժարվել է նրանց ընդունելուց, բայց խոստացել է չխոչընդոտել նրանց աշխատանքը):
Եվ, որ ամենակարեւորն է, Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո Էրդողանը ուղղակիորեն հայտարարեց՝ «Հենց Հայաստանը խաղաղության համաձայնագիր կնքի Ադրբեջանի հետ, մեզ հետ ոչ մի խնդիր չի ունենա։ Անկարան ձգտում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների շուտափույթ ջերմացմանը եւ կողմերի միջեւ տարաձայնությունների կարգավորմանը»։
Առաջին հայացքից իսկապես տեկտոնական շարժեր ենթադրող իրավիճակ է, երբ այս կամ այն կերպ նշմարվում են որոշակի կարգավորման հեռանկարներ. փաթեթային՝ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։
Փաստացի, եվրոպական դիվանագիտությունն առաջարկում է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա դիմաց իրենք Ադրբեջանին կհորդորեն ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ հրաժարվել Սյունիքի հանդեպ հավակնություններից։
Բայց չէ՞ որ փազլը ամբողջովին չի հավաքվում։ Իսկ փազլի առանցքային կերպարը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չարագուշակ լռություն է պահպանում։ Այդ լռությունը ո՛չ թե թուլություն, ո՛չ թե վախի նշան է, այլ ինքնավստահության լռություն։ Մանավանդ, երբ դա համադրում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հեգնանքի հետ, երբ մեկնաբանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի «Հավաստի աղբյուրի» հանրահայտ հոդվածը, ասել էր. «Երեւանի վրա ճնշում է գործադրվում, թե ոչ, պետք է պատասխանեն Հայաստանի պաշտոնյաները։ Խոսքն այն երկրի մասին է, որտեղ կան պաշտոնյաներ, որոնք կարող են բաց եւ հանգիստ պատմել դրա մասին»։
Ինչպիսի՜ անթաքույց հեգնանք ու գաղութատիրոջ ինքնավստահություն կախյալների նկատմամբ։ Բայց ինչո՞ւ հասանք Զախարովային։ Իսկ ի՞նչ են նստած մտածում Պուտինի ռեժիմի մունետիկները, երբ տեսնում են խաղաղության սերմեր գցելու, ապաշրջափակվելու, Թուրքիայի սահմանը բացելու Հայաստանի փորձերը։
Չէ՞ որ Թուրքիայի սահմանի բացումը կնշանակի սառը պատերազմի ավարտ, այս անգամ՝ Հայաստանի համար։ Կնշանակի Ռուսաստանի դերի ու նշանակության շեշտակի անկում ու Հայաստանի «վրաստանացման» 2.0 տարբերակի մեկնարկ։
Բայց չէ՞ որ այդ ամենն Էրդողանն էլ գիտի։ Գիտի, բայց եթե խոսում է առանց խնդիրների ու նախապայմանների հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման մասին, ուրեմն այնքան էլ դեմ չէ։ Միգուցե եւ Ռուսաստանն էլ դեմ չի լինի։ Կասեք՝ այդ ինչպե՞ս, չէ՞ որ վերեւում էին խոսում Ռուսաստանի կորուստների մասին։ Դեմ չի լինի, բայց մի պայմանով, եթե այդ սահմանը լիներ իրենը, ոչ թե ինքնիշխան ու անկախ Հայաստանինը։
Այսինքն, եթե պրիմիտիվացնենք, Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ կբացվի անխոչընդոտ, եթե դա լինի ռուսական սահման։
Հարկավ, դա չի նշմարվում մոտ ապագայում՝ բազմաթիվ պատճառներով։ Եվ հիմնական պատճառն այն է, որ ներկա Ռուսաստանին միութենականացված Հայաստան պետք չէ, նրան ավելի շատ «ղազախականացված Հայաստան» է պետք, որի միջոցով հնարավոր կլինի ինչ-ինչ ոլորտներում եւ ինչ-ինչ մեթոդներով շրջանցել արեւմտյան պատժամիջոցները։ Իսկ Թուրքիայի սահմանը, ինչպես եւ խաղաղության պայմանագրի հեռանկարը, դեռ մշուշոտ են, չէ՞ որ հողի վրա գոյություն ունի նոյեմբերի 9-ի պայմանագիր ու ՀՀ-ի վրա «դրված» «անխափան հաղորդակցություն Ադրբեջանի ու Նախիջեւանի» միջեւ, այո՛, հենց «անխափան»։ Իսկ այն, որ այդ փաստաթուղթը ծնունդ է պատերազմի, հնարավոր կլինի չեղարկել մի նոր պատերազմով, որի ռեսուրսը ոչ ոք չունի։
Ամփոփելով՝ մեզ պետք է վախենալ ու կարկամել ոչ թե Ռուսաստանի արձագանքից, այլ դրա բացակայությունից, առավել եւս, Ռուսաստանը հիմա այնպիսի իրավիճակում է, որ ջղաձգված որոշումները չեն բացառվում, եւ Հայաստանի նպատակը պետք է լինի հնարավորինս հեռու մնալ փլատակների տակ հայտնվելուց կամ զայրույթն իր վրա ընդունելուց։ Որովհետեւ ինչքան էլ Ռուսաստանը պարտվում է Արեւմուտքում, Հարավային Կովկասը դե ֆակտո եւ դե յուրե շարունակում է նրա «ետնաբակը» մնալ, որին սանձելու համար նա դեռ ունի բավականաչափ կամք ու ռեսուրս։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։