ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը, գնահատելով հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին պաշտոնական հայտարարությունների բովանդակությունը, Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսում ասել է, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի` Պրահայում անցկացված հանդիպումը հուսադրող է։
«ԱՄՆ-ը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացը։ ԱՄՆ-ը հատկապես ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը: Այդ առաքելությունը կողմերի միջեւ վստահության ստեղծման ներուժ ունի եւ շարունակում է խթանել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- նշել է դիվանագետը։
Հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը եւ իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: