Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, գերմանահայկական համաժողովի նախագահ Թիլ Մանսմանը հայտարարել է, որ ողջունում է Եվրամիության աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ազգային սահմանները հարգելու վերաբերյալ համաձայնությունը: Պատգամավորի համոզմամբ համաձայնագիրը հույս է ներշնչում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի լարվածությունը, որը հարուցվել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետեւանքով, կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։
«Այս ռազմական գործողություններին առնչվող մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումներն այժմ պետք է ինտենսիվ կերպով հետաքննվեն: Մարտերի ընթացքում եւ դրանից հետո կատարված հանցագործությունները պետք է հանգեցնեն քրեական հետապնդման եւ չպետք է անտարբեր թողնեն միջազգային հանրությանը»,- ընդգծել է պատգամավորը:
Թիլ Մանսմանը համոզմունք է հայտնել, որ յուրաքանչյուր պետության տարածքի ինքնիշխանության հարգումը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համաձայն՝ ուժի կիրառումից հրաժարվելու առաջնահերթությունը պետք է խստագույնս պահպանվեն: