Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որով Ուկրաինան Ռուսաստանի բռնակցած Կուրիլյան լեռնաշղթայի հարավային՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան եւ Հաբոմայ կղզիները ճանաչում է որպես Ճապոնիայի տարածքներ։ Գերագույն ռադան ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նախագահի որոշմանը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել հետեւելու իր օրինակին՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի բռնակցած բոլոր տարածքների ազատագրումը սոսկ ժամանակի հարց է։
Հարավկուրիլյան կղզիներ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը եւ Հաբոմայը ԽՍՀՄ վերահսկողության տակ են անցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ճապոնիան այդ տարածքների միացումը ԽՍՀՄ-ին ապօրինի է համարում, մինչդեռ, Ռուսաստանի պնդմամբ, դրանք իր տարածքի անքակտելի մաս են։ Այդուհանդերձ, երկու երկրները պաշտոնապես չեն դադարեցրել խաղաղության պայմանագրի կնքման հարցով երկխոսությունը։
Ավելի վաղ արձագանքելով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի՝ տարածքային խնդիրը լուծելու եւ Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու առաջարկին՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նման պայմաններում, երբ Ճապոնիան հաստատուն տեղ է զբաղեցրել մի խումբ ոչ բարեկամ երկրների կողքին, եւ ինքն է դարձել Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկիր, Մոսկվայի եւ Տոկիոյի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններն անհնար են։