Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ Ռուսասատանը Ղրիմին կապող Կերչի կամրջի պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն։ Կամրջի վրա հրդեհի մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը վեցին մոտ:
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, նախնական տվյալներով, երեք մարդ է զոհվել:
Արտակարգ պատահարի զոհ են դարձել պայթած բեռնատարի կողքին երթեւեկող մարդատար ավտոմեքենայի ուղեւորները: Ջրից հանել են տղամարդու ու կնոջ մարմիններ։ Նրանց ինքնությունը պարզվում է։
Հետաքննությունն արդեն պարզել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատար ավտոմեքենայի ու դրա սեփականատիրոջ տվյալները: Նա Կրասնոդարի մարզի բնակիչ է, նրա բնակության վայրում քննչական գործողություններ են սկսվել:
Ուսումնասիրվում են նաեւ ավտոմեքենայի տեղաշարժման երթուղին եւ փաստաթղթերը։
Տեղի իշխանությունների տվյալներով Կերչի նեղուցով անցնող երկաթուղային կամրջի վրայով ընթացող բեռնատար գնացքում վառելիքի բաք է բռնկվել, մասամբ փլուզվել են երկու ավտոուղիները։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտարարել է, որ կամրջի ցամաքային հատվածի կամարը չի վնասվել։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը։
Ղրիմի կամուրջը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվիրել էր կառուցել թերակղզու բռնակցումից հետո, բացվել է 2018-ի մայիսին։ Ռուսաստանի նախագահն անձամբ է եկել բացման արարողությանը, որը հեռարձակել են պետական հեռուստաալիքները։ «Վեդոմոստի» պարբերականի՝ 2017-ի փետրվարի հաշվարկներով նախագծի ընդհանուր արժեքը պետք է գերազանցեր 300 միլիարդ ռուբլին։
Ղրիմի կամուրջը, ի թիվս այլ բաների, օգտագործվում է Ուկրաինայի հարավում ռուսական բանակին մատակարարելու համար։