Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի՝ թվիթերյան իր միկրոբլոգում NFT թոքենի ձեւաչափով արված առաջին գրառումը հեռավար աճուրդում ձեռք է բերվել 2,9 միլիոն դոլարով:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ նախորդ տարվա վերջին Դորսին որոշել է վաճառքի հանել 2006-ին սոցիալական ցանցում հայտնված փոխադարձ կախվածության չենթարկվող՝ «Պարզապես կարգավորում եմ իմ Twttr-ը» առաջին NFT գրառումը:
Հայտարարությունն այդ ժամանակ բոլորովին չգրավեց հանրության ուշադրությունը, մինչդեռ 5 տարի անց միլիոններ արժեցավ: Մինչեւ այս տարվա փետրվար` թվիթի դիմաց 3,5 հազար դոլարից ավելի չէին առաջարկում, սակայն մարտի 5-ին գինը սրընթաց բարձրացավ, երբ Դորսին Twitter –ում հրապարակեց Valuables հեռավար աճուրդի հղումը, որտեղ թվիթը դրել էր վաճառքի:
«Ջեքն ընդունեց sinaEstavi-ի 2915835,47 դոլարի առաջարկը»,- ասված է Valuables աճուրդի հայտարարության մեջ:
Twitter-ի առաջին թվիթի սեփականատերը դարձած սոցցանցի օգտատեր sinaEstavi-ի հաշվին նշված է, որ նա ապրում է Մալազիայում եւ գլխավորում է բլոկչեյնի ոլորտում գործունեություն ծավալած ընկերություն:
Օգտատերը կստանա հեղինակի ձեռքով ստորագրած եւ հաստատած բացառիկ թվային վկայագիր, որը թվիթի սեփականատիրոջը հնարավորություն կտա այն հետագայում պահել իր մասնավոր հավաքածուում՝ իբրեւ կապիտալ ներդրում կամ վերավաճառել առանց խոչընդոտի:
Դորսին աճուրդից ստացված գումարը օգտագործելու է բարեգործական նպատակներով: