Ֆրանսիայում արդեն մեկ շաբաթ է, ինչ 15 կամավորական հանձն են առել հանուն գիտության 40 օր անընդմեջ անցկացնել Արյեժի Լոմբրիվես քարանձավում: Գիտական փորձը կօգնի հասկանալ՝ ինչպես է մեկուսացումն ու ժամանակի մասին պատկերացումների բացակայությունն ազդում մարդու հոգեվիճակի եւ կենսառիթմերի վրա:
Կամավորականները ստիպված են լինելու ընդհանուր լեզու գտնել արտասովոր իրավիճակներում՝ 12°C օդի ջերմաստիճանի եւ 95% խոնավության պայմաններում: Նրանց տրամադրելու են չորս տոննա մթերքի պաշար:
Քարանձավը հագեցված է հատուկ սարքավորումներով եւ ցուցիչներով, որոնց միջոցով գիտնականները հետեւելու են անձավում 40 օր տեղի ունեցող իրադարձություններին:
Հետազոտությանը մասնակցելու է գիտական աշխատանքի հեղինակներից մեկը՝ Քրիստիան Քլոտը: Նրա խոսքով՝ իրեն նման գիտափորձ կազմակերպելուն դրդեց կորոնավիրուսի համավարակը, որի պատճառով աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ ստիպված են եղել ինքնամեկուսանալ:
Գիտնականը հիշեցրել է երկրաբան Միշել Սիֆրի՝ 1972-ի գիտափորձը, երբ նա բավական երկար ժամանակ էր անցկացրել գետնափոր հյուղակում: Այն ժամանակ Սիֆրը բացահայտել էր, որ մարդու օրգանիզմի ցիկլային ռիթմերը փոխվում են ըստ լուսավորության աղբյուրի: Այդ խնդիրն այժմ առավել հանգամանորեն ուսումնասիրում է Քրիստիան Քլոտը: