Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարի տրանսպորտի հարցերով տեղակալ Շահրիյար Աֆանդիզադեն հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը ունի Չինաստանից Եվրոպա առնվազն 60 միլիոն տոննա բեռների փոխադրման համար տարանցիկ առաջատար երկիր դառնալու բոլոր հնարավորությունները։
Աֆանդիզադեն նշել է, թե այս համատեքստում նկատելի է, որ ռուսական ընկերությունները չափազանց հետաքրքրված են իրանական թե՛ հյուսիսային, թե՛ հարավային նավահանգիստներում, ինչպես, օրինակ՝ Չաբահարում եւ Բենդեր-Աբասում, ներդրումներ կատարելով։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ԻԻՀ-ն Ռուսաստանի եւ Կովկասի հետ կապվում է Ադրբեջանի, իսկ ԱՊՀ անդամ երկրների հետ՝ Թուրքմենստանի միջոցով։
Անդրադառնալով Կասպիական տնտեսական համաժողովին՝ իրանցի փոխնախարարը նշել է, որ մինչեւ 2030 թվականի համար նախատեսվել է բեռնափոխադրումների ծավալն ավելացնել մինչեւ 50 միլիոն տոննա։ Ընդ որում՝ տարանցումն իրականացվում եւ իրականացվելու է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային, ծովային եւ օդային տրանսպորտով։
Փոխնախարարը կարեւորել է Ռեշտ-Աստար ճանապարհի շինարարության ավարտը՝ նկատելով, որ շահառու կողմերի պաշտոնատարները խոստացել են լրջորեն զբաղվել այս հարցով։
Աֆանդիզադեն հավելել է, որ ռուսական կողմի ընթացիկ առաջարկն է ավարտել Ռեշտ-Էնզելի երկաթուղին, որպեսզի ստեղծվի տարանցիկ հանգույց, որով ապրանքները կարող են ծովային ճանապարհով հասցվել իրանական Էնզելի նավահանգիստ՝ Կասպից ծովով, այնտեղից էլ երկաթուղային ճանապարհով՝ իրանական այլ նավահանգիստներ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը