ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետը բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած ագրեսիայի հետեւանքների վերացմանը միտված ամերիկյան կողմի ջանքերը եւ կարեւորել այդ ուղղությամբ հետեւողական քայլերը:
Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպմանը: Կարեւորվել է ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաեւ սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:
Անդրադարձ է արվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի:
Վարչապետը նաեւ իր տպավորություններն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ:
Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը առաջիկայում եւս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: