ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված հայ զինծառայողները խոշտանգվել են մինչեւ Բաքվի քրեակատարողական հաստատություն մուտք գործելը:
«Գերեվարման պահից տեղափոխվել են մի ռազմակականացված կետ, հետո նրանց տարել են մի իրավապահ մարմնի մեկուսարան եւ մի քանի օր այնտեղ պահել։ Խոշտանգումները հենց այդ ընթացքում են եղել, տղաները շատ զազրելի դեպքեր են պատմել։ Բաքվի քրեակատարողական հաստատությունում խոշտանգումների չեն ենթարկվել, սակայն վատ վերաբերմունքի դրսեւորումներ եղել են»,- ընդգծել է Գրիգորյանը։
Նա նշել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի գերեվարած հայ զինծառայողները մի խումբ չեն եղել, նրանք տարբեր օրերի են գերի ընկել։ ՀՀ ՄԻՊ-ն ավելի վաղ հայտնել է, որ առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիների հետ, եւ գրեթե բոլորը հայտնել են խոշտանգումների ու բժիշկների վատ վերաբերմունքի մասին։ ՄԻՊ աշխատակազմն առաջիկա զեկույցում կարձանագրի ռազմագերիների հայտնած փաստական տվյալները։