Ըստ Գերմանիայի դաշնային վիճակագրական գերատեսչության՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր Գերմանիա է ժամանել մոտ մեկ միլիոն ուկրաինացի փախստական։ Տվյալները վերաբերում են 2022-ի փետրվարի 24-օգոստոս ժամանակահատվածին։
Ուկրաինայից Գերմանիա փախստականների հիմնական հոսքը եղել է ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին։ Այսպես՝ մարտին Գերմանիա ժամանել է ուկրաինացի 431 հազար փախստական, ապրիլին՝ 198 հազար (խոսքը գերմանական միգրացիոն իշխանությունների գրանցածների մասին է)։ Աստիճանաբար Գերմանիա ժամանող ուկրաինացիների թիվը սկսել է նվազել, եւ արդեն հուլիսին այդ թիվը կազմել է 58 հազար, օգոստոսին՝ 70 հազար։
Տարեկան կտրվածքով Գերմանիա բավական զգալի թվով ուկրաինացի փախստականներ են ժամանել, այն դեպքում, երբ 2021-ին ամսական Ուկրաինայից Գերմանիա մուտք էր գործում ոչ ավելի, քան հազար փախստական։
Վիճակագրությունը նաեւ ցույց է տալիս, որ այս տարվա օգոստոսի համար Ուկրաինան է հիմնական երկիրը, որտեղից փախստականներ են մուտք գործել Գերմանիա։ Երկրորդ տեղում Ռումինիան է։ Գերմանական վիճակագիրները արձանագրել են նաեւ, որ 78 հազար ուկրաինացի վերադարձել է Ուկրաինա։ Հանրագումարում, ըստ Գերմանիայի դաշնային վիճակագրական գերատեսչության, 2022-ի փետրվար-օգոստոսին Գերմանիայում ուկրաինացի փախստականների ընդհանուր թիվը կազմել է 874 հազար մարդ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը