«Հաճելի է հաղորդել դրական փոփոխության մասին: Հինգշաբթի` հոկտեմբերի 6-ին, Պրահայում հանդիպեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`ամենայն հավանականությամբ բացելով ժամանակակից աշխարհում ամենաանզիջում հակամարտություններից մեկի ավարտի ուղին»,- The Washington Post ամերիկյան պարբերականում գրում է թուրք լրագրող-վերլուծաբան Ասլը Այդընթաշբաշը:
Լինելով հարեւաններ՝ Թուրքիան եւ Հայաստանը գրեթե մեկ դարաշրջան տարանջատված են եղել սառը պատերազմի եւ անցյալի ծանր բեռի՝ 1915-ին Անատոլիայում հայերի զանգվածային սպանությունների պատճառով, որն, ըստ պատմաբանների, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:
Հաշտեցման արեւմտյան միջնորդական փորձերը ձախողվել էին ավելի քան մեկ տասնամյակ առաջ, եւ երկու պետությունների միջեւ սահմանը տասնամյակներով փակ էր: Երկու հարեւանները գրեթե ոչ մի հարաբերություն չունեին՝ կիսելով Եվրոպայի մի հատվածի փակ սահմանի բարդությունները:
Հաշտեցման գործընթացը դժվարացավ 2020 թվականին Հայաստանի եւ հարեւան Ադրբեջանի միջեւ կարճաժամկետ, բայց կործանարար պատերազմով, որի հետեւանքով երկու կողմերն ունեցան հազարավոր զոհեր: Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերեց ռազմական աջակցություն:
Ցամաքով շրջապատված Հայաստանն իր հին խորհրդային զենքերով եւ մոտ 3 միլիոն բնակչությամբ չէր կարող մրցել նավթային պաշարով հարուստ Ադրբեջանի հետ, որի թիկունքում էին հզոր բարեկամներ Թուրքիան եւ Իսրայելը:
2020-ի պատերազմում հայերը ոչ միայն մարդկային, այլեւ տարածքային կորուստներ ունեցան:
Փաշինյանը գիտակցում է, որ Հայաստանը կարող է գոյատեւել հարեւանների հետ խաղաղության շնորհիվ եւ չի կարող ապավինել միայն Ռուսաստանի աջակցությանը:
2018-ին ռուսամետ էլիտայի դեմ հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտնում էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման իր մտադրության մասին եւ, ի տարբերություն նախորդ կառավարությունների, 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը չէր համարում հարաբերությունների հաստատման նախապայման: Այս հարցում Հայաստանի ղեկավարը իրատես է:
Թուրքերի երեք սերունդ դաստիարակվել է 1915 թվականի ցեղասպանության պաշտոնական հերքումով, եւ երկրի մոտեցումը խնդրի նկատմամբ հազիվ թե փոխվի:
Հայաստանի ղեկավարի հետ հանդիպելու Էրդողանի որոշումն ավելի շատ պայմանավորված է Անկարայի տարածաշրջանային ազդեցության մղումով, քան Թուրքիայի անցյալին դիմակայելու ցանկությամբ:
Բայց եթե երկու երկրների միջեւ հաստատվի ավելի բարենպաստ միջավայր, ապա հակառակ կարծիք ունեցող պատմաբաններն ու գիտնականները Թուրքիայում կամ այլուր կարող են ավելի ազատ արտահայտել իրենց տեսակետները, ինչպես մեկ տասնամյակ առաջ, երբ Թուրքիան ավելի ազատ երկիր էր: Հարաբերությունների կարգավորման պարագայում թուրքերը եւ հայերը կարող են միմյանց հետ շփվել առեւտրի եւ ճանապարհորդությունների միջոցով եւ շատ ընդհանրություններ հայտնաբերել:
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վերականգնումը կդառնա Կովկասում կայունության բանալին, ինչպես նաեւ կթուլացնի տարածաշրջանում Ռուսաստանի՝ որպես հզոր դերակատարի գերակայությունը:
Նախկին առեւտրային ուղիների վերականգնումը կարող է զարգացնել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արեւելյան աղքատ շրջանների տնտեսությունները:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մենք գիտենք, որ տնտեսական փոխկապվածությունը միշտ չէ, որ կանխում է ագրեսիան, բայց դա կարող է օգնել մարդկանց հաղթահարելու աղքատությունը:
Դա շատ կարեւոր է մի տարածաշրջանի համար, որը ստիպված է պայքարել տարածաշրջանի հակառակորդների եւ Ռուսաստանի ազդեցության դեմ:
Ամենակարեւորն այն է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ իրական հաշտեցումը կարող է օգնել նվազեցնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը եւ աշխուժացնելու խաղաղ բանակցությունները: Էրդողանի համար սա պետք է առաջնահերթություն լինի: Կասկած չկա, որ Թուրքիան նույնպես հակամարտության կողմ է:
Էթնիկ կապերով եւ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով Անկարան հաստատապես Ադրբեջանի կողմից է. Թուրքիան 2020 թվականի պատերազմում աջակցել է Բաքվին:
Բայց Ուկրաինայի պատերազմը թուրքերին ապացուցեց, որ տարածաշրջանային խաղաղությունը կարող է խոցելի լինել ցանկացած պահի, եւ որ անհրաժեշտ է զգուշությամբ ազատվել իրենց արեւելյան հատվածում Ռուսաստանի ազդեցությունից:
Էրդողանը պետք է առաջ մղի խաղաղության քաղաքականություն: Նա արդեն իրեն դրսեւորել է որպես հմուտ բանակցող հացահատիկի շուրջ գործարքներում, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գերիների փոխանակման գործում:
Եթե Թուրքիան կարողանա օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա խաղաղ բանակցությունների եւ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման գործընթացներում, ապա դա կլինի հսկայական քայլ առաջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ չի լինի հինգշաբթի օրվա հանդիպումից:
Պատմականորեն, Ռուսաստանը հետխորհրդային պետությունների շրջանում օգտագործել է էթնիկական լարվածությունները եւ հակասությունները`մեծացնելու իր ազդեցությունը նախկին կայսրության հեռավոր անկյուններում:
Կովկասը վաղուց Ռուսաստանի հետնաբակն է: Բայց տարածաշրջանի երկրները, հասկանալով Մոսկվայի հետ լավ հարաբերությունների կարեւորությունը, չեն ցանկանում լինել ռուսական ազդեցության տակ զուտ վասալի դերում կամ կապել իրենց ապագան միայն Պուտինի հետ:
Էրդողանը եւ Փաշինյանը պետք է գնահատեն ձեռքսեղմումի սիմվոլիզմը եւ պահի ռազմավարական նշանակությունը իրենց պետությունների համար:
Նրանք պետք է առաջ գնան եւ բացեն երկու երկրների միջեւ սահմանը, ինչը թույլ կտա մյուսներին կառուցել մշակութային կամուրջներ: Երկարաժամկետ հեռանկարում պարզ կդառնա Եվրոպայի սահմանների վրա գլոբալ շախմատային խաղում այդ քայլի կարեւորությունը:
Թարգմանեց Կարինե Դավոյանը
Փակ սահմանն անախրոնիկ երեւույթ է. Ասլը Այդընթաշբաշ (Aslı Aydıntaşbaş)
Ալիք Մեդիայի հարցազրույցը Ասլը Այդընթաշբաշի հետ, մարտ 2022