Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ավագանու ընտրություններն էին: Անիի 18 բնակավայրերի 20 ընտրատեղամասերի 15901 ընտրողների ուղիղ կեսը մասնակցեց ընտրությանը: Պարզվեց՝ կրկին են փորձելու. ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերից ոչ մեկը 50+1 ձայն չի հավաքել, հետեւաբար միանձնյա, առանց կոալիցիա ձեւավորելու չի կարող ղեկավարել համայնքը: Քաղաքական երեք ուժերն էլ անդրդվելի են. կոալիցիա չեն կազմում:
Ըստ ստացած վստահության քվեների՝ առաջատարը 10 մանդատով «Ազգ-համայնք» դաշինքն է՝ ՀՀԿ-ական գործող համայնքապետ Արտակ Գեւորգյանի գլխավորությամբ: Երկրորդ տեղում ութ մանդատ ստացած ՔՊ-ն է: Ագուն Սաղաթելյանի գլխավորած «Հայկական երազանք» կուսակցության թեկնածուներին ամենաքիչ՝ 3 մանդատ է բաժին հասել:
ՔՊ-ի եւ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու հավանականությունը գրեթե զրոյական էր: Իշխող ուժը դեռ վաղուց էր հայտնել, որ ՀՀԿ-ի հետ չեն միավորվի: Առաջատարներից որեւէ մեկին միանալու «Հայկական երազանք»-ի նախապայմանն էլ ոչ թե նախապայման, այլ երազանք էր. եռակի քիչ մանդատ ունեցող կուսակցությունը կոալիցիա կկազմեր այն ուժի հետ, ով կհամաձայներ, որ համայնքապետը ինքը՝ Ագուն Սաղաթելյանը լիներ:
Նշենք, որ Ագուն Սաղաթելյանին աջակցում են նախկին ՔՊ-ականները, իսկ ՔՊ-ի պաշտոնական թեկնածուին՝ Արման Սարիբեկյանին՝ ներկա ՔՊ-ականները:
33-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին նիստ են արել, հանդիսավորությամբ հանձնել բոլոր մանդատները:
Քաղաքական ուժերը եւս մեկ անգամ վերահաստատել են, որ կոալիցիա չեն կազմում: Ըստ Գոռ Պետրոսյանի՝ ընտրական հանձնաժողովն այս պահին այլեւս անելիք չունի: Մարզպետարանը պետք է որոշի առաջին նիստի օրը, որի ընթացքում քվեարկություն է լինելու: Եթե իրավիճակ չփոխվի, ու ոչ ոք չընտրվի համայնքի ղեկավար, մեկ ամիս կսպասեն, մինչեւ Արտակ Գեւորգյանի պաշտոնավարման ժամկետը լրանա: Այնուհետեւ Շիրակի մարզպետը կնշանակի Անի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, ինչից հետո Կառավարությունը կնշանակի նոր ընտրության օր: Գոռ Պետրոսյանն ասում է՝ դա կլինի մոտավորապես 6 ամսից, բայց հնարավոր է նաեւ ժամկետների փոփոխություն լինի: Օրինակ է բերում Թալին համայնքը, որտեղ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը համայնքը ղեկավարել է մեկ տարի երկու ամիս:
Ստացվում է, Անիում դեռ ընտրապայքարից դուրս չեկած, քաղաքական ուժերը նորին են պատրաստվում: Կլինե՞ն ընտրապայքարին մասնակցող նոր ուժեր, թե՞ եղածները նոր ուժերով կպայքարեն, դեռ հայտնի չէ: Արդեն հին ու թանկարժեք պաստառները կփոխարինվեն նորերով: Կրկին կազդարարեն, որ Անիում ապագա կա, մեկ ուրիշ պաստառից ազգի ու համայնքի միավորվելու լուրը կտան, երրորդից էլ կհորդորեն վերադառնալ արժեքներին, լուծում տալ խնդիրներին:
Հ.Գ. Ըստ ընտրական հանձնաժողովի՝ Անի համայնքում մեկ ընտրություն կազմակերպելը պետական բյուջեի վրա կարժենա մոտ 40 մլն դրամ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։