Անցած շաբաթ կառավարությունը ներկրման արտոնություն տվեց հանրությանը ոչ հայտնի «Լեքս տոբակո քոմփանի» ընկերությանը, որը ծխախոտ կարտադրի։ Ընկերությունը կազատվի արտադրության նպատակով ներկրվող՝ 12․4 մլրդ դրամ արժեցող սարքավորումների համար հաշվարկված 1,1 մլրդ դրամ մաքսատուրքից:
Այս արտոնությունից օգտվում են արտադրությամբ զբաղվելու համար սարքավորումներ ներկրող ընկերությունները։ Արտադրությունը խթանելու այս փորձը ներդրվել էր նախկին իշխանությունների կողմից, բայց կար որոշակի սահմանափակում, տրվում էր 300 մլն դրամից ավելի ներդրում կատարող ընկերություններին։ Նոր իշխանությունները հանեցին այդ սահմանափակումը եւ մաքսատուրքից ազատելու արտոնություն տալիս են արտադրության համար սարքավորումներ ներկրող բոլոր ընկերություններին։
Հայաստանում, սակայն, ծխախոտի արտադրությամբ զբաղվող հաշված ընկերություններ կան, եւ հանրությանը հայտնի են դրանց սեփականատերերը։ Կառավարության e-register էլեկտրոնային հարթակում գտանք այս ընկերության անունը. գրանցվել է երկու տարի առաջ՝ 2019 թվականի մայիսին, բայց սեփականատերերին վերաբերող հատվածում որեւէ անուն նշված չէր։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Լեքս տոբակո քոմփանին» պատկանում է խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ընկերության անվանման մեջ «Լեքս» բառը պատահական չէ։
Փորձեցինք գործարարից ճշտել այս տեղեկությունը։ Ալեքսանյանին ուղղվող հեռախոսազանգերին հիմնականում պատասխանում է նրա օգնական ներկայացող Արմանը, որն էլ փոխանցեց, թե տեղյակ չէ դրա մասին։
Այնուամենայնիվ նշենք, որ կառավարության ներկայացրած նախագծերի համաձայն՝ «Լեքս տոբակո քոմփանի» ընկերությունը գործելու է Երեւանում։ Արդեն իսկ իրականացվել է 3․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 15 մլրդ դրամի ներդրում, որից 2․6 մլրդ դրամը՝ սարքավորումների, իսկ մնացած մասը՝ հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 120 նոր աշխատատեղ` 300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 118․7 մլրդ դրամ, որից 11․8 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ի, 23․7 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ անդամ երկրների, 83․1 մլրդ դրամի արտադրանքը՝ այլ երկրների տարածքում։
Բայց ծխախոտի արտադրությունը զուտ բիզնես չէ, այն շատ կարեւոր է առողջապահական տեսանկյունից: Մեր երկրում ու ամբողջ աշխարհում ծխելու դեմ պայքար է տարվում։
Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի շրջանակում երկու տարի առաջ բավականին լուրջ տարաձայնություն եղավ առողջապահության այդ ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի եւ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջեւ։ Քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնություն ցուցաբերող հիմնադրամը հանգանակություն էր ստացել նաեւ ծխախոտ արտադրող ընկերություններից, ինչը Թորոսյանը անթույլատրելի էր համարել։
2019 թվականին կառավարությունը, բնականաբար, առողջապահության նախարարության ներկայացմամբ, ծխելը սահմանափակելու վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել, որն Ազգային ժողովում քննադատության արժանացավ նաեւ իշխանական՝ տնտեսական բլոկի պատգամավորների կողմից։ Եվ այս անգամ էլ ծխելու դեմ պայքարում բախվեցին տնտեսական եւ առողջապահական շահերը։ Բայց, ինչպես միշտ, հաղթեց տնտեսական գործոնը։
Եվ վերջին տարիներին մեր երկրում հիմնվեցին ծխախոտ արտադրող երկու ընկերություններ՝ «Լեքս տոբակո քոմփանին» եւ ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանին վերագրվող «Արմենիան տոբակո քոմփանին»։
Հատկապես ճգնաժամային այս շրջանում իշխանությունները հակված են ընդառաջել բոլոր ներդրողներին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ կողմ է ցանկացած նախաձեռնության, որը միտված է արտադրությանը ու երկար շղթա է նախատեսում։ «Արտադրություն ստեղծողը աշխատատեղեր կստեղծի, ընդ որում՝ բազմաթիվ աշխատատեղեր։ Արտահանում կկազմակերպի, երկիր արտարժույթ կբերի, ինչպե՞ս կարելի է այդ շղթայի մասնակիցներին չաջակցել։ Ի վերջո, մեր տասը խոշոր հարկատուներից չորսը ծխախոտային ոլորտում են»,- ասում է պատգամավորը։
Խոսքը Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանտ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տոբակո», «Ֆիլիպ Մորիս Արմենիա եւ «Ջեյ Թի Արմենիա» ընկերությունների մասին է, որոնք միասին 2020 թվականին վճարել են մոտ 100 մլրդ դրամի հարկեր, իսկ ոլորտում գործող 9 ընկերությունները վճարել են 112,6 մլրդ դրամի հարկեր, ինչը 2020-ի հարկային եկամուտների մոտ 9 տոկոսն է։
«Ու երբ ասում ենք, թե մեր՝ իշխանության գալուց հետո առողջապահության ծախսերն ավելացել են 20-30 տոկոսով, դա նաեւ ծխախոտային արտադրության շնորհիվ է։ Ձեզ վստահեցնում եմ, որ եթե մենք չունենայինք այդ չորս ընկերությունները, առողջապահությանը հատկացվող գումարը շատ ավելի քիչ կլիներ»,- շարունակեց Պապոյանը։
Մինչդեռ Արսեն Թորոսյանն ասում էր՝ ավելի արդյունավետ կլինի, որ մարդիկ քիչ ծխեն, քիչ հիվանդանան, արդյունքում առողջապահությանը հատկացվող գումարներն էլ կնվազեն։ «Այո՛, եթե քիչ ծխեին, առողջական խնդիրներն էլ քիչ կլինեին, բայց քիչ չեն ծխի ու կծխեն արտասահմանյան ծխախոտ։ Եվ կստացվեր, որ մենք արտարժույթ ենք արտահանում, չենք ունենա աշխատատեղեր, ու մարդիկ դրա հետեւանքով ավելի շատ կծխեն, բյուջեի եկամուտները քիչ կլինեին, ծխող մարդկանց էլ չէինք կարողանա բուժել։ Հիմա գոնե նրանց հարկերով բուժում ենք»,- արդարացրեց տնտեսագետ պատգամավորը։
Վերջին տարիներին ծխախոտի արտադրության, ներկրման, նաեւ արտահանման ծավալներն անշեղորեն աճել են, աճել են նաեւ վճարվող հարկերը։ Իհարկե, 2020-ին՝ ճգնաժամային տարում, ինչպես բոլոր ոլորտներում, մի փոքր նվազում եղել է։ Օրինակ՝ ոլորտից վճարվող հարկերը 2015-ին՝ 44,7 մլրդ, 2018-ին՝ 105,6 մլրդ, 2019-ին՝ 122 մլրդ, իսկ անցած տարի 112,6 մլրդ դրամ էին։
Անշեղորեն աճել եւ երբեք նվազման միտում չի դրսեւորել նաեւ քաղցկեղով հիվանդների թիվը: Եթե 2000-ին Հայաստանում կար մոտ 20,8 հազար հիվանդ, ապա 2018-ին այդ թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 43 830-ի։ Ամեն տարի գրանցվում է մոտ 8500 նոր դեպք։ Եվ քաղցկեղի առաջացման ռիսկը հաղթահարելու առաջին պայմանը չծխելը եւ ծխախոտի ծուխը չշնչելն է։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։