Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:
ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայի կառավարությանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ եւ հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր: