ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու հերթական փորձն է։
Զախարովան շեշտել է, որ սեփական հարաբերությունների կառուցումը ինքնիշխան պետությունների գործն է, Եվրոպայում չեն էլ մտածել տարածաշրջանային կայունության եւ այդ քայլի հետեւանքների մասին՝ պնդելով, թե ԵՄ առաքելություններն իրական կարգավորման չեն հանգեցնում։ Նա հիշեցրել է Ուկրաինայի օրինակը` նշելով, որ 8 տարվա միջնորդությունից հետո Գերմանիային ու Ֆրանսիային չհաջողվեց կանխել Ուկրաինայի շուրջն իրավիճակի սրացումը։
Զախարովան ընդգծել է, թե Երեւանի եւ Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության եւ երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է: Նա շեշտել է, թե ռուսական կողմն այդ հարցով պարբերաբար հանդիպում է ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ, Մոսկվան կօգտվի նաեւ Աստանայում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ընձեռած հնարավորությունից։