Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ Շվեդիան Ռուսաստանին չի տրամադրի «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազամուղների վնասման վերաբերյալ իր հետաքննության տվյալները, քանի որ դրանք տեղի են ունեցել շվեդական միապետության բացառիկ տնտեսական գոտու սահմաններում։
Անդերսոնն ասել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի սեփական հետաքննությունն անցկացնելու: Նա նշել է, որ դեպքի վայրի շրջափակումն արդեն հանվել է։
Ռուսաստանը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է մասնակցել «Հյուսիսային հոսք»-երի վնասման դեպքերի՝ Դանիայի եւ Շվեդիայի հետաքննությանը։
Գերմանիայում դաշնային դատախազությունը եւս սկսել է զբաղվել «Հյուսիսային հոսք»-երի վնասման դեպքի հետաքննությամբ։ Ըստ դատախազության խոսնակի՝ բավարար փաստական տվյալներ կան, որ երկու գազամուղները կանխամտածված են վնասել առնվազն երկու պայթյուններով։
Գերմանական դաշնային դատախազությունը մանրամասնել է, որ խոսքը էներգետիկ ենթակառուցվածքի վրա լուրջ հարձակման մասին է, որը հարվածում է Գերմանիայի անվտանգությանը։
Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը հայտարարել է, որ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով՝ Գերմանիան կպարզի, թե ով է պատասխանատու այդ սաբոտաժի համար։ «Թույլ չենք տա մեզ վախեցնել «Հյուսիսային հոսք»-երի վրա հարձակումներով»,- շեշտել է նախարար Բուշմանը։
«Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազամուղների վնասվածքները հայտնաբերվել են սեպտեմբերի 26-ի գիշերը Դանիայի եւ Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտիներում՝ դանիական Բորնհոլմ կղզու մոտակայքում։ Արտահոսքը դադարել էր հոկտեմբերի սկզբին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը