Երեւանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկած «Երեւան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 2-րդ տուրի պարտիաներում Հայաստանի միանգամից 9 շախմատիստներ տարել են երկրորդ անընդմեջ հաղթանակներն ու ներկայում վաստակած 2-ական միավորով բաժանում են 1-18-րդ տեղերը:
Նրանց թվում են գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը: Շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը պարտվել է 17-ամյա Էրիկ Չաքրյանին եւ կորցրել առաջին միավորը:
Հոկտեմբերի 12-ին 3-րդ տուրի պարտիաներում Տիգրան Քոթանջյանը կմրցի ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Սիվուկի, իսկ Գեւորգ Հարությունյանը՝ ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Գոգանովի հետ, Լեւոն Բաբուջյանն ուժերը կչափի իրանցի գրոսմայստեր Ամիռեզա Պուրամեզանալու հետ:
Մրցաշարի մասին
«Երեւան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարին մասնակցում են 15 երկրի ավելի քան 292 շախմատիստներ, որոնցից 55-ը միջազգային կարգի վարպետ են, 22-ը՝ գրոսմայստեր: Հայաստան են ժամանել մասնակիցներ Իրանից, Վրաստանից, Ռուսասատանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից։
«Երեւան Օփենի» հերթական` 4-րդ ստուգատեսի ընթացքում 9 տուր շարունակ տարբեր երկրների ուժեղագույն շախմատիստներ կպայքարեն լավագույնի կոչման, նաեւ մրցանակային տեղերի համար:
Մրցաշարի բացմանը ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը շեշտել է, որ աշխարհում միայն 4 երկիր է կարողացել ամբողջ պատմության ընթացքում 3 եւ ավելի անգամ նվաճել շախմատային Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Այդ երկրներից մեկը Հայաստանն է:
Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Կպարգեւատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ, մրցանակներ են սահմանված նաեւ կանանց 1-ին եւ 2-րդ տեղը գրաված մասնակիցների համար, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանում լավագույն արդյունքը գրանցած շախմատիստը եւս կստանա մրցանակ: Մրցանակի կարժանանա նաեւ Բ խմբում մինչեւ 10 տարեկանների խմբում հաղթող մասնակիցը։