Սեւծովյան հացահատիկային միջանցքը վերահսկող Համատեղ կոորդինացիոն կենտրոնից տեղեկացրել են, որ երկուշաբթի ուկրաինական նավահանգիստներից դուրս են եկել 7 չոր բեռներ տեղափոխող բեռնատար նավեր, որոնք բեռնված են եղել 174 հազար 862 տոննա ուկրաինական գյուղմթերքով, ներառյալ եգիպտացորենով, ցորենով եւ արեւածաղկի ձեթով։
Հոկտեմբերի 11-ի դրությամբ ուկրաինական 3 նավահանգիստների միջոցով «հացահատիկային միջանցքով» արտահանվել է 7 միլիոն 59 հազար 740 տոննա ագրոարդյունաբերական արտադրանք։ «Հացահատիկային միջանցքով» հոկտեմբերի 11-ի դրությամբ բեռնափոխադրման թույլտվություն է տրվել 641 չոր բեռներ փոխադրող բեռնատար նավերի, որոնցից 325-ը ժամանել են ուկրաինական նավահանգիստներ, իսկ 316-ն արդեն մեկնել են։
Ըստ հաշվետվության՝ 26 հազար 380 տոննա եգիպտացորենով եւ 6 հազար տոննա եգիպտացորենով բեռնված Melina եւ Hazar S բեռնանավերն ուղեւորվել են Իտալիա, եւս երկուսը՝ 24 հազար տոննա ցորենով եւ 9350 տոննա արեւածաղկի ձեթով բեռնված Lucky Trader եւ Erdek բեռնանավերը, ուղեւորվել են Թուրքիա։
Բացի դրանից՝ 51 հազար 742 տոննա ցորենով բեռնված Magnum Power բեռնանավն ուղղություն է վերցրել դեպի Ինդոնեզիա: 30 հազար տոննա եգիպտացորենով բեռնված Sea Pearl J բեռնանավն էլ ուղեւորվել է Թունիս։ 27 հազար 390 տոննա ցորենով բեռնված Ince Evrenye չորաբեռներ տեղափոխող բեռնանավն էլ սկսել է նավարկել դեպի Իսպանիա։ Ըստ Համատեղ կոորդինացիոն կենտրոնի հայտարարության՝ «հացահատիկային միջանցքով» տեղափոխված հացահատիկը կարող է վերամշակվել եւ վերաարտահանվել այլ երկրներ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը