Ռուսաստանը ժխտում է, թե ուզում է Հայաստանին դարձնել «Ռուսաստան-Բելառուս» միության անդամ: Այն, ինչ մի քանի օր առաջ հավատացնում էր «Հավաստի աղբյուրը»: Ու երկուսն էլ ճիշտ են:
Բանն այն է, որ Ռուսաստանը դա չի ուզում ռուս-ուկրաինական պատերազմին զուգահեռ: Ռուսաստանը պետք է ավարտի այդ պատերազմը: Այդ ընթացքում Հայաստանն ուղղակի չպետք է ուշքի գա վերջին երկու տարվա բոլոր մեծ ու փոքր պատերազմներից: Ինչո՞ւ չպետք է ուշքի գա: Որովհետեւ ուշքի գալուց հետո Հայաստանը ռուսներին միջանցք տվող չէ: Հայաստանը պետք է զրկվի կամայնությունից: Նաեւ այս պատճառով է, որ ռուսները Հայաստանին զենք չեն տալիս, թեեւ դրա դիմաց արդեն վճարված է: Ադրբեջանն այսօր օդ ու ջրի պես է ռուսներին պետք, որպեսզի Հայաստանն ուշքի չգա: Եվ այդ դերը հարեւան երկիրը վատ չի կատարում:
Ինչո՞ւ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեղափոխեց Եվրամիության հարթակ: Որովհետեւ Հայաստանին խաղաղություն է պետք, եւ այդ խաղաղությունը պոչեր չպիտի ունենա: Այսինքն՝ Հայաստանին պետք է խաղաղություն, որը չունենա ռուսական «պլոմբ»: Որովհետեւ ռուսական «պլոմբ»-ով բոլոր խաղաղությունները քնած հրաբուխներ են, մի օր զարթնում են:
Ռուսաստանը երեք պատերազմ է կառավարել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Հայաստանը չի ուզում կռվել ու հաղթել Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի «դուդուկի» տակ, որովհետեւ դա թմրեցնող դուդուկ է: Ադրբեջանը նույնպես սա գիտի, ահա ինչու է Հայաստանի նման շտապում, որ այս հակամարտությանը վերջ տա Եվրամիությունը: Ռուսաստանը հակամարտություն կարգավորող չէ, ինչպես Թուրքիան: Եվ Թուրքիայի հակամարտություն տաքացնող դերի մասին նույնպես գիտի Ադրբեջանը: Սակայն առայժմ Ադրբեջանին դուր է գալիս ռուսական «դուդուկի» տակ հաղթելը, որովհետեւ դեռ արձանագրվում են միայն ձեռքբերումներ: Եվ դա դեր դերի հետեւից կորցնող ռուսների օգնությամբ:
Ռուսաստանը սեղմված ատամներով է նայում այս տարածաշրջանում իր դերի նվազմանը: Նա հասկանում է, որ այստեղ ուժեղանալը որոշվում է Ուկրաինայում: Սա հասկանում են Հայաստանն ու Ադրբեջանը, սա հասկանում են Եվրամիությունը, Ամերիկան, Թուրքիան: Ահա ինչու են շտապում մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել: Իհարկե, ռուս քաղաքագետները չարախնդում են՝ երբ հասնեք սահմանների ճշգրտմանը, քարտեզները մեզնից եք ուզելու: Եվ սա նույնպես ճիշտ է:
Բայց այս ամբողջում մի քնեցրած «զենք» էլ Ռուսաստանն ունի Հայաստանի ներսում, որը կարող է պայթել ոչ պակաս ուժգնությամբ, ինչպես ցանկացած ահաբեկչական ռումբ՝ մեր ընդդիմությունը, որն իր իշխանության օրոք իսկապես էլ կարողանում էր ահաբեկչություններ անել Հայաստանում ու մնալ ջրի երեսին:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: