ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն փորձում են մխրճվել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ՝ դրա համար օգտագործելով ռուսական մշակումները։
«Տեսնում ենք, որ այդ աշխատանքի մեջ փորձում են մխրճվել ոչ տարածաշրջանային խաղացողները, մասնավորապես` Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, բայց հիմնականում նրանք օգտագործում են մեր մշակումները։ Հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020-ին եւ 2021-ին մեր ամենաակտիվ մասնակցությամբ»,- ասել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կայունացման հիմքը Ռուսաստանի նախագահի անձնական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն են: Նա շեշտել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապերի կարգավորմանը:
Ըստ Ուշակովի՝ Մոսկվան մտադիր է եռակողմ ձեւաչափով հերթական գագաթնաժողովն անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: Նա հույս է հայտնել, որ ամենամոտ ժամանակում իրենց կհաջողվի համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները:
Ավելի վաղ դրա մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: