Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ իրանական կողմը սկսել է աշխատել որոշ ռուսական ընկերությունների հետ Կասպիական տարածաշրջանում նավթամթերքի արտահանման, փոխանակության եւ վաճառքի մասով։
Օջին ընդգծել է, որ Իրանը մոտ 10 միլիոն տոննա նավթամթերք արտահանելու եւ փոխանակելու հնարավորություն ունի։
«Իրանն ու Ռուսաստանը նավթի, գազի եւ նավթաքիմիայի ոլորտում գործակցության շատ լավ հնարավորություն ունեն։ Բարեբախտաբար այս ընթացքում մենք ստորագրել ենք մոտ չորս միլիարդ դոլարի գործարք՝ կապված հանքավայրի շահագործման եւ 40 միլիարդ դոլարի գործարք էլ՝ գազի արտահանման խողովակաշարի կառուցման եւ հեղուկացված գազի սարքերի տեղակայման հետ կապված»,- հավելել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Նախարարն ասել է, որ նոր հանքավայրերը շահագործվելու են նոր մոդելի հանքաշահագործման եղանակով, եւ այս առնչությամբ իրանական կողմն արդեն պատրաստել է համապատասխան նախագծերը, որոնցով ներդրողները բոլոր առումներով ապահովագրված կլինեն եւ լիակատար պետական աջակցություն կունենան։ Նախարար Օջին նաեւ ասել է, որ պայմանագրերի այս տեսակը հատկապես գրավիչ է ռուսական ներդրողների համար։
Իրանի նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ահմադ Ասադզադեն հայտարարել է, որ Ռուսաստանը գործարկում է համալիր պլան, որով սկսելու է շահագործել իրանական վեց նավթային եւ երկու գազային հանքավայրեր։ Այս առնչությամբ պայմանագրերը ստորագրվելու են իրանական օրացույցային ընթացիկ տարվա վերջին, որը համապատասխանում է եվրոպական օրացույցով 2023-ի մարտի վերջին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը