ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գործառույթների եւ լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի եւ այլ բնույթի մանրամասների վերաբերյալ հարցերը աշխատանքային քննարկումների տիրույթում են։
Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք եւ մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի` Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով` ՀՀ ինքնիշխան տարածքում։ Հաշվի առնելով նշյալը՝ ԱԳ նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ։
«ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է եւ իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը, գնահատելով հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին պաշտոնական հայտարարությունների բովանդակությունը, Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսում ասել է, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի` Պրահայում անցկացված հանդիպումը հուսադրող է։
«ԱՄՆ-ը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացը։ ԱՄՆ-ը հատկապես ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը: Այդ առաքելությունը կողմերի միջեւ վստահության ստեղծման ներուժ ունի եւ շարունակում է խթանել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- նշել էր դիվանագետը։