ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն անհանգստություն է հայտնել սեպտեմբերի 12-14-ի մարտական գործողությունների ժամանակ ռազմագերիների նկատմամբ բռնության մասին նոր հաղորդագրությունների կապակցությամբ:
Ավելի վաղ սոցցանցերում նոր տեսանյութ էր տարածվել, որը վկայում է Ադրբեջանի զինված ուժերի սեպտեմբերի ագրեսիայի ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հետ անմարդկային վերաբերմունքի մասին: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում տարածված հերթական տեսանյութը հիմնավորում է, որ հայ ռազմագերիներին խոշտանգելուց հետո սպանել են։
Պաշտպանն արձանագրել է, որ ադրբեջանական զինծառայողների ծանր հանցանքները շարունակում են անարձագանք մնալ, իսկ անպատժելիությունը նրանց քաջալերում է նոր ու ավելի ծանր հանցանքներ գործելու։
Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը եւս համոզված է, որ կադրերում երեւացող երեք զինծառայողներից երկուսը գերի ընկնելուց հետո սպանվել են: Նախօրեին տարածված տեսանյութում երեւում է՝ ինչպես են ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վնասում գերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել։
«Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն լիարժեք եւ օբյեկտիվ քննության արդյունքում։ Հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը զգալի եւ դրական քայլ էր»,- ասված է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ: