ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպմանը քննարկվել է խաղաղության պայմանագրի ժամանակացույցը։
Ըստ ՀՀ ԱԽ քարտուղարի՝ հանդիպմանը քննարկվել է մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենալու հարցը։ Գրիգորյանը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ տարեվերջ սահմանազատում է տեղի ունենալու։
«Դելիմիտացիան եւ խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են։ Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո այսպես կոչված չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար»,– նշել է Գրիգորյանը։
Գրիգորյանն ընդգծել է, որ 1929 թվականին գործընթաց եղել է` Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի սահմանազտում, այժմ էլ պետք է փոխադարձ համաձայնության գալ, որ դա ընդունվում է որպես հիմք, ապահովվում է Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառ. կմ տարածքը։
Ըստ Գրիգորյանի` ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը եւս օրակարգում է։ ԱԽ քարտուղարը նաեւ նշել է, որ քննարկվել ապաշրջափակման հարցը, որը պետք է տեղի ունենա փոխադարձության սկզբունքի հիման վրա։
«Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը, որ որեւէ հարց չենք քննարկելու, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա սուվերենության հիման վրա»,– նշել է Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը, Ջեյք Սալիվանն ու Հիքմեթ Հաջիեւը հանդիպման ընթացքում հիմնականում քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
Ըստ ԱԽ քարտուղարի՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ հիմնական օրակարգում շոշափվել է միջազգային մեխանիզմ ստեղծելու հարցը, որպեսզի Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂՀ–ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները։