ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախաարար Վահրամ Դումանյանը ճեպազրույցում հաստատել է, որ Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանը կմիանա Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտին ու կդառնա Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։
«Կառավարությունը շրջանառում է այս որոշումը, ես բացահայտ եմ ասում` այո՛, շրջանառվում է երեք բուհերի միավորման նախագիծը, համապատասխան կարգով որոշում կկայացվի, ու կանցնենք առաջ»,– նշել է Դումանյանը։ Նա հավելել է, որ ոչինչ կտրուկ չի փոխվելու, ու պրոցեսն ընդամենը բարձրագույն կրթության որակի բարելավման համար է։
«Պրոֆեսորադասախոոսական կազմից որեւիցե հաստիք չի կրճատվելու։ Պարզ է` երկու ռեկտորի հաստիք պակաս կլինի։ Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ Երեք շենքերն էլ պահպանվելու են, բոլորն էլ մնալու են այնտեղ, որտեղ կան, ոչ մի տեղափոխություն չի լինելու»,– ասաց նա։
Ըստ Դումանյանի` բուհերը կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ չի իրագործվել ակադեմիական քաղաքի գաղափարը, որից հետո բոլոր բուհերը կունենան ավելի լավ պայմաններ։