Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024-ին։ Նախագծի արժեքը 1 միլիարդ 845 միլիոն դրամ է։ Նոր կայարանի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ առաջիկայում նաեւ շինարարական աշխատանքների իրականացման համար մրցույթ կանցկացվի։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախագծող ընկերության հետ պայմանագրերն արդեն կնքված են։
«Երեք փուլից է բաղկացած։ Առաջին փուլում հաշվետվություն պետք է ներկայացվի, երկրորդ փուլում՝ նախնական նախագիծը, երրորդ փուլում` վերջնական նախագիծը»,– նշել է Սանոսյանը։
Ըստ նրա` նախնական հաշվետվությունն արդեն ներկայացվել է, դրա համար նախատեսված 545 միլիոն դրամը հաշվետվության քննարկումից հետո Երեւանի քաղաքապետարանը կվճարի նախագծող ընկերությանը։
Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երեւանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ ասել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա:
Քաղաքապետարանը դիտարկած բիզնես-ծրագրով նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարեւանությամբ առեւտրի կենտրոնի կառուցում եւ հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։
480 միլիոն դրամ՝ նոր օդորակիչների համար
Գնել Սանոսյանը հայտնել է, որ անվտանգության, ինչպես նաեւ խոնավության մակարդակի փոփոխության նպատակով մետրոյի թունելների 14 հզոր օդափոխիչները կփոխարինվեն նորերով։ Նա նշել է, որ այդ օդորակիչները 1980-ին են տեղադրվել ու դրանից հետո չեն փոխվել։
Ըստ նախարարի՝ հզոր օդորակիչները կառավարվելու են մեկ կետից, եւ արտակարգ, վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում, վճռորոշ նշանակություն կունենան ուղեւորների տարհանման համար։ Նոր օդորակիչների գնման համար Կառավարությունը 480 միլիոն դրամ կհատկացնի, եւս 19,4 միլիոն դրամ էլ կհատկացվի սլաքային փոխադրիչ կոչվող սարքավորումների գնման ու գործողները նորերով փոխարինելու համար։
Սանոսյանը հայտնել է նաեւ, որ այդ սարքերը պետք է փոխարինվեն 5 տարին մեկ։ Բայց Երեւանի մետրոյում վերջին անգամ փոխվել են 9 տարի առաջ։ Բացի այս խոշոր գնումներից՝ եւս 150 մլն դրամ էլ կհատկացվի մետրոյի համար տարբեր գնումների համար` մալուխներ, վագոնների պահեստամասեր, լուսավորության ցանց եւ այլն։