Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «France 2» հեռուստաալիքի «L Événement» հաղորդման եթերում տված հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին: «France 2»-ի հաղորդավարուհի Կարոլին Ռուն մի հատված է կարդացել վերջերս Հայաստանից վերադարձած հայտնի ճանապարհորդ եւ գրող Սիլվեն Տեսոնի` Ֆրանսիայի նախագահին ուղղված ուղերձից, որն առաջիկա հանգստյան օրերին կհրապարակվի «Le Figaro» պարբերականում։ Տեսոնը մասնավորապես ասում է. «Հայաստանը մեզ համար պարզապես տարածք չէ, ինչպես մյուսները։ Նրա ճակատագիրը, նրա պատմությունը, նրա հիշողությունը, նրա մշակույթը, նրա ցավը, նրա հողը, նրա զոհվածները Եվրոպայի ավանպոստն են (բառացի` առաջնային դիրք)։ Պարո՛ն նախագահ, հայերը դիմում են ձեզ։ Արդյոք Ֆրանսիան իր վրա կվերցնի՞ դաշնակիցներին համախմբելու ռիսկը հանուն Հայաստանի պաշտպանության»: Միաժամանակ հաղորդավարուհին Մակրոնին ասել է, թե Ֆրանսիան Հայաստանին թողել է բախտի քմահաճույքին։
Մակրոնը համաձայնել է, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ իսկապես յուրահատուկ կապ կա, սակայն կտրականապես ժխտել է նրա ճակատագրի նկատմամբ անտարբեր լինելու կշտամբանքները։ Նա ոչ մեծ պատմական էքսկուրս է անցկացրել` հիշեցնելով, որ Ֆրանսիան մշտապես հետեւողական է եղել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ժխտման դեմ պայքարում։ Նաեւ շեշտել է, որ հայերից շատերը մեծ ներդրում են ունեցել հենց Ֆրանսիայի զարգացման գործում:
«Նախեւառաջ թույլ տվեք ասել, որ Տեսոնը, անկասկած, ճիշտ է։ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք առանձնահատուկ կապ ունենք։ Որովհետեւ Հայաստանը միշտ պայքարել է տարածաշրջանում հանդուրժողականության եւ խաղաղության համար»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հավաստիացրել է, որ Ֆրանսիան կա եւ միջնորդական պետություն է։ Հարցին, թե արդյոք ԵՄ-ն Ադրբեջանի հանդեպ առանձնակի հանդուրժողականություն չի ցուցաբերում գազի մատակարարման համաձայնագրի պատճառով, Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան Ադրբեջանից գազ չի գնում:
«Եվ մենք հայերին չենք լքի: Ֆրանսիան ադրբեջանական գազ չի գնում, պայմանագիր չկա։ Իհարկե, մի քանի եվրոպական երկրներ գազի պայմանագրեր ունեն։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային եւ Եվրոպայի ձայնին, ուղիղ նայելով ձեր աչքերին եւ մեր բոլոր հայրենակիցների առջեւ ես պետք է ասեմ, որ մեր արժեքներն ու սկզբունքները չի կարելի գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Անդրադառնալով իր առաքելությանը՝ Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիայի եւ Եվրախորհրդի ղեկավարի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Պրահայում եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում: Մակրոնը նշել է, որ այդ իրադարձության կարեւորությունը չի կարելի թերագնահատել, քանի որ դա Հայաստանի վարչապետին թույլ է տվել նորագույն պատմության մեջ առաջին անգամ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։
Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ որոշել են, որ կողմերը նախեւառաջ պետք է փոխադարձ կարգով պարտավորվեն ճանաչել 1991 թվականի սահմանները, ինչպես նաեւ համաձայնեն սահմանին եվրոպական առաքելության տեղակայմանը, որը պետք է հետեւի տեղում իրավիճակին, որ սահմանը չխախտվի:
«Իսկ ի՞նչ է կատարվում այդ սահմանին արդեն երկու տարի։ Այնտեղ 5000 ռուս զինվոր կա։ Ռուսաստանն օգտվեց այդ հակամարտությունից, միջամտեց եւ ակնհայտորեն Ադրբեջանի խաղը խաղաց Թուրքիայի մասնակցությամբ։ Նա վերադարձավ այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Եվ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, Ռուսաստանի ապակայունացնող մանեւրն է, որը փորձում է Կովկասում անկարգություններ ստեղծել մեզ բոլորիս թուլացնելու եւ բաժանելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։