Մայր Աթոռի՝ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակից հայտարարել են, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում հայոց հոգեւոր եւ մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները եւ բարբարոսական գործողությունները չեն դադարել։
«Օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի հրապարակած արբանյակային տեսագրությունների հետազոտության ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դարեր)»,- նշված է հայտարարության մեջ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի մշակութային եղեռնը, որի նպատակը մեկն է՝ զրկել Արցախ աշխարհն իր պատմական ինքնությունից, հայկականության որեւէ վկայությունից։
Հայտարարության մեջ շեշտվում է, որ որդեգրված այս քաղաքականությունը միտում ունի խորացնելու ազգերի միջեւ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտը եւ չի նպաստում տարածաշրջանում տեւական խաղաղության վերահաստատմանը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին միջազգային հանրությանն ու պատկան կառույցներին կոչ է անում հստակ գնահատական տալու սույն հանցագործությանը եւ գործնական քայլեր ձեռնարկելու հետագա վերացումից փրկելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային պատմական ժառանգությունը։