Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հայտարարել է, որ Գերմանիան եւ ՆԱՏՕ-ի անդամ եւս 14 երկիր կստեղծեն «Եվրոպական հակահրթիռային վահան» անվանումը կրող հակաօդային պաշտպանության եվրոպական նոր համակարգ, որի ստեղծման մտադրության մասին հռչակագիրը ստորագրվել է հոկտեմբերի 13-ին Բրյուսելում։ Նախագծի նպատակը հակաօդային պաշտպանության ոլորտում ունեցած խոցելի հատվածների պաշտպանությունն է։ Ըստ Լամբրեխտի՝ նման համակարգ ունենալը հատկապես արդիական է դարձել ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում, երբ Եվրոպան ապրում է սպառնալից եւ մարտահրավերներով լեցուն ժամանակներ:
Նոր համակարգի շրջանակում նախատեսվում է միավորել բալիստիկ հրթիռների, թեւավոր հրթիռների եւ մարտական ԱԹՍ-ների ոչնչացման համար նախատեսված տարբեր ՀՕՊ համակարգեր։
Գերմանիայի նախաձեռնած այս նոր եվրոպական հակաօդային պաշտպանության նոր համակարգի նախագծին միացել են նաեւ Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Նորվեգիան, Լատվիան, Հունգարիան, Բուլղարիան, Բելգիան, Չեխիան, Ֆինլանդիան, Լիտվան, Նիդերլանդները, Ռումինիան եւ Սլովենիան։ Միանալու ցանկություն է հայտնել նաեւ Էստոնիան։
Պատրաստեց Արման Գրիգորյանը