Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւով Ռուսաստանի Դաշնությունը ահաբեկչական պետություն է որակվել: ԵԽԽՎ-ն առաջին միջազգային կազմակերպությունն է, որը Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է «ահաբեկիչ-պետություն»:
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության արգեսիայի հետագա սրացումը» վերնագրով բանաձեւի օգտին քվեարկել է ԵԽԽՎ-ի 90 պատգամավոր: Փաստաթղթում նշվել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան պետք է միանշանակ եւ անվերապահորեն դատապարտվի որպես հանցագործություն, միջազգային իրավունքի խախտում եւ համաշխարհային խաղաղության եւ անվտանգության գլխավոր սպառնալիք:
ԵԽԽՎ-ն վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների կարեւորությունը եւ կոչ է արել շարունակելու զենքի տրամադրումը Կիեւին:
ԵԽԽՎ-ն հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար հատուկ միջազգային դատարան ստեղծելու անհրաժեշտության մասին: ՌԴ-ի պատասխանատվության հարցը կներառվի Եվրոպայի խորհրդի պետությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովի օրակարգում: