ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ «France 2» հեռուստաալիքի «L Événement» հաղորդման եթերում տված հարցազրույցում հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանը, օգտվելով հայ-ադրբեջանական հակամարտությունից, միջամտել եւ ակնհայտորեն խաղացել է Ադրբեջանի խաղը Թուրքիայի մասնակցությամբ՝ ձգտելով թուլացնելու Հայաստանը եւ անկարգություններ ստեղծելու Կովկասում, միանգամայն անընդունելի է համարել:
«Ֆրանսիայի նախագահի մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում եւ հարցականի տակ է դնում սեփական երկրի ունակությունն այդ հարցում կառուցողական դեր խաղալու առումով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ դա վկայում է Ուկրաինայի հետ հակամարտության տրամաբանությունը հետխորհդային այլ պետությունների, ներառյալ Հարավային Կովկասի վրա տարածելու փորձերի մասին:
Մարիա Զախարովան հավելել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի՝ Մոսկվան խաղաղության ծեծված կոչերից զատ վճռորոշ ներդրում է ունեցել 44-օրյա պատերազմը դադարեցնելու, Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու, փախստականներին վերադարձնելու, պատերազմում զոհվածների մարմինները փոխանակելու գործում:
Ըստ ռուս դիվանագետի՝ Ռուսաստանի մերձավոր բարեկամներ Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման եւ հանգեցնելու են տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակազրկման: