ԱՄՆ նախագահի վարչակազմը հրապարակել է 2022-ի Ազգային անվտանգության ռազմավարությունը, որում նշվում է, որ Ուկրաինային աջակցելուց բացի՝ Վաշինգտոնը կջանա ամրապնդել ժողովրդավարական այլ երկրների կայունությունը: Մասնավորապես նշված է, որ ԱՄՆ-ը աջակցելու է Հարավային Կովկասում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերին:
Վաշինգտոնը կգործակցի Թուրքիայի հետ՝ ամրապնդելու նրա ռազմավարական, քաղաքական, տնտեսական եւ ինստիտուցիոնալ կապերն Արեւմուտքի հետ։
ԱՄՆ-ը կհակազդի Իրանի գործողություններին եւ թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել: Կշարունակի աջակցել Կենտրոնական Ասիայի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը: Կնպաստի այս տարածաշրջանի երկրներում ժողովրդավարական գործընթացների բարելավման ջանքերին:
Խոսելով Ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ը զսպելու է Ռուսաստանին, մրցելու է Չինաստանի հետ՝ փորձելով հաղթել մրցավազքում: